Նախագահն ու վարչապետը ցավակցել են դեռահասի մահվան կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցել է այսօր Բարաթաշվիլի փողոցում ապակու ընկնելու հետևանքով մահացած 14-ամյա Ասլան Մամեդովի ընտանիքին:

«Այս ծանր պահին ցավակցություններս եմ հղում նրա ընտանիքին և ընկերներին»,- ասվում է նախագահի ցավակցական ուղերձում:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նույնպես ցավակցական խոսք է հղել․

«Այս ծանր րոպեներին զորակցությունս եմ հայտնում նրա ծնողներին, ընտանիքին, հասակակիցներին և մանկավարժներին: Ցնցված եմ տեղի ունեցածից և խոսքեր չեմ գտնում այս ցավն արտահայտելու համար»։

Ավելի վաղ Կվիրիկաշվիլին հայտնել էր, որ հարկ եղած դեպքում տուժած երեխաների բուժումը կիրականացվի արտերկրում։

Հիշեցնենք, որ այսօր ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Բարաթաշվիլի փողոցի շենքերից մեկից ապակի էր ընկել՝ վնասելով դպրոցահասակ վեց երեխայի։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են, սակայն երեխաներից մեկը մահացել էր։ Մյուս երեխաների վիճակը կայուն է։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Լուսանկարը՝ interpressnews.ge-ի

 

Թողնել պատասխան