«3 ամիս ընդդեմ գողացված ընտրությունների». երեկ` հունվարի 26-ին, այսպիսի կարգախոսով Թբիլիսիի պետական համալսարանից հանրահավաք-երթ է ընթացել դեպի Թբիլիսիի խորհրդարան։
Երթի մասնակիցները վեր են պարզել պաստառներ՝ «Պահանջում ենք ազատ արձակել ապօրինի բերման ենթարկվածներին» բովանդակությամբ։
Ցուցարարները բացականչել են՝ «Պահանջում ենք նոր ընտրություններ», «Վերջ ռուսական ռեժիմին», «Ո՛չ իշխանության զավթմանը», «Ամենուր ոստիկանություն` ոչ մի տեղ արդարություն»։
Քաղաքացիները ծածանել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Հիշեցնենք, երեկ լրացավ եվրոպամետ բողոքի 60-րդ օրը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նոր ընտրություններ նշանակել, իսկ բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին ազատ արձակել։
Քաղաքացիների բողոքի ակցիան սկսվել և շարունակվում է Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո, ըստ որի` Վրաստանը հետաձգել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը։
Նշենք, որ ընդդիմությունը, Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Արևմտյան բազմաթիվ գործընկերներ չեն ընդունում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները և ասում են, որ իշխանությունը լեգիտիմ չէ։