Հայաստանի հանրապետության զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորում, 1982 թվականից մինչ օրս գործում է հայտնի գիտնականներ Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Ստեղծման առիթը դարձել է Լևոն Օրբելու ծննդյան 100-ամյա հոբելյանը, սա հենց այն տունն է, որտեղ ծնվել է մեծ ակադեմիկոսը:
Լևոն Օրբելին համարվում է ավիացիոն և տիեզերագիտության բժշկության հիմնադիրը, ղեկավարել է Խորհրդային միության ֆիզիոլոգների դպրոցը, եղել է ոչ միայն տաղանդավոր գիտնական, այլև մեծ մարդասեր, վայելել մեծ հեղինակություն:
Մյուս եղբայրը` Ռուբեն Օրբելին, 12 լեզվի է տիրապետել, զբաղվել թարգմանչական ու հրատարակչական գործով, Աստվածաշնչի ուսումնասիրությամբ:
Հովսեփ Օրբելին արևելագետ էր, հնագետ, Կովկասագետ, երկար տարիներ ղեկավարել է համաշխարհային ժառանգության կաճռներից «Էրմիտաժը», մեծ է նաև նրա ներդրումը` 30-40 թթ. հայ մշակութային դպրոցի կայացման մեջ:
Թանգարանային բոլոր` շուրջ 2000 նմուշները բերվել են Լենինգրադ, այժմյան՝ Սանկտ-Պետերբուրգ քաղաքից.
«1980 թվականից մինչև այսօր մենք հավաքում ենք այդ նմուշները, որովհետև դեռ կան մարդիկ, որոնց տներում պահվում են դրանք։ Օրինակ` նրա վերջին աշակերտներից, կան Էրմիտաժի աշխատողներ, որոնց մոտ կան արժեքներ, մեծ մասը` գրեթե 80 տոկոսը, Ծաղկաձորյան տուն-թանգարանին է նվիրել Ռուբեն Օրբելու աղջիկը` Ռուսուդան Օրբելին: Նրա մահից հետո, ըստ իր կտակի, բոլոր իրերը, որ պահվում էին իր տանը, հանձնվել են թանգարանին: Այդ թվում նաև կահույքը, որը Թիֆլիսից 1937 թվականին տեղափոխվել էր Ռուբեն Օրբելու բնակարան»,— ասում է թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը:
Այդ իրերի մեջ գիտական աշխատություններ կան, նրանց գրադարաններում պահպանված, 1864 թվականին Մխիթարյան միաբանությունում տպագրված հնատիպ գրքեր, լուսանկարներ, անձնական իրեր:
Հայտնի է, որ Օրբելի ընտանիքը եղել է չափազանց համերաշխ, և եղբայրների` Պետերբուրգ քաղաքում ուսանելու տարիներին ծնողներն իրենց որդիներին բազմաթիվ նամակներ են գրել, որոնք, ըստ թանգարանի ղեկավարի` կրթադաստիարակչական մեծ նշանակություն ունեն։ Դրանցում ծնողական խրատներ են, նույնիսկ՝ ինչպես վարվել փողի հետ. Ինչպես պահեն իրենց այն ընտանիքում, որտեղ բնակվում են, ինչպես վերաբերվեն ուսմանը և այլն: Խոսքը մոտ 250 նամակների մասին է, որոնք գրվել են 1894-1936 թվականներին, դրանցում հիմնական խորհուրդը` սովորելն է։ Այսպես օրինակ Օրբելիների մայրը գրում է՝ «Ես ուզում եմ, որ երեքդ էլ բռնեք գիտության ուղին»: Մոր երազանքն էր, որ որդիների անունները հնչեն դարեդար և նրանց հետ միասին հիշեն նաև ծնողներին: Այս բոլոր նամակները թանգարանի կողմից հավաքվել և ներառվել են մեկ գրքում:
Ի դեպ, թանգարանն ամեն տարի մեկական գիրք է հրատարակում` օգտագործելով Օրբելի եղբայրների թողած ահռելի գիտական ու մշակութային ժառանգությունը: Վերջին գիրքն ընդամենը օրեր առաջ է դուրս եկել տպարանից: Թանգարանի տնօրենն ասում է` ասելիքն ու նյութն այնքան շատ են, որ գրքեր դեռ շատ կգրվեն:
Թանգարանը կազմված է երկու մասից` գիտական և մեմորիալ: Գիտական մասում ներկայացվում է Օրբելիների անցած ուղին ու ընդհանուր գործունեությունը, ապա ներկայացվում են նաև նրանց սենյակները` իրենց անձնական իրերով, կահույքով ու գրադարաններով: Թանգարանն այցելուների պակաս չունի, տարեկան մոտավորապես 5 հազար այցելու է ունենում։ Հյուրեր են լինում դրսից, սակայն հիմնական մասը Հայաստանի տարբեր շրջաններից հետաքրքված խմբեր են։ Այցելուների մեծ մասն աշակերտներ են, որոնց թիվը տարեցտարի աճում է: Գիտական ու հրատարակչական աշխատանքից բացի, պարբերաբար նաև միջոցառումներ են կազմակերպվում: Թանգարանը գործում է ՀՀ մշակույթի նախարարարության ֆինանսավորմամբ:
Թանգարանի տնօրենն ու գիտաշխատողը մի քանի օրով Թբիլիսիում էին։ Վրաստանի գրողների միության հրավերով և Շոթա Ռուսթավելու 850-ամյակին նվիրված միջոցառմանը զեկույցով հանդես գալու առաջարկությամբ: Հատկանշական է, որ Ռուսթավելու 750-ամյակին Օրբելին փայլուն ելույթ է ունեցել` ներկայացնելով Ռութավելու ժամանակաշրջանը: Նրա կողմից նաև հրատարակվել է հոբելյանական աշխատանք` Ռուսթավելու «Վագրենավորը».
«Կարող ենք համարձակությամբ նշել, որ թեկուզ հենց վրաց Ռուսթավելոլոգների շարքում, նա լավագուններից մեկն էր։ Նրա զեկույցները և՛ Մոսկվայում, և՛ Լենինգրադում սպասաված են եղել, և ըստ նրա աշակերտ Հովսեփ Մեգրելիձեի` ոչ մեկն այդքան հպարտությամբ ու ջանասիրությամբ չէր զեկուցում Ռութավելու «Վագրենավորի» վերաբերյալ, որքան Օրբելին»,- ասաց թանգարանի գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը:
Միջոցառման շրջանակներում թանգարանի` Ռուսթավելուն վերաբերող նյութերը բերվել են Թբիլիսի և ներկայացվել ցուցահանդեսի տեսքով:
Լուսանկարները` Թանգարանի կայք-էջից` orbelimuseum.am