«Սա մեծ կորուստ է Թբիլիսիի պետական համալսարանի համար, քանի որ Միխեիլ Չխենկելին շատ կարևոր մարդ է»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվլիլիի անվան պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն՝ մեկնաբանելով համալսարանի պրոռեկտոր Միխեիլ Չխենկելիին Կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակելու փաստը:
Գիորգի Շարվաշիձեի խոսքերով նախկին պրոռեկտորը առաջ էր քաշում կրթության որակի բարձրացման, գիտության զարգացման, բովանդակային բարեփոխումներ իրականացնելու կարևորագույն հարցեր:
«Նա համալսարանի համար, իհարկե, կորուստ է, սակայն այս փուլում Վրաստանի համար միանշանակ ձեռքբերում է, քանի որ ոլորտում մարտահրավերները շատ են, այդ թվում են գիտության ու կրթության զարգացման հարցերը: Եթե չեմ սխալվում, պատմության մեջ առաջին անգամ 4 կետից բաղկացած պետական զարգացման ծրագրում կրթությանը տրվել է առաջնահերթ նշանակություն: Այս փուլում հարկավոր է ապահովել համակարգի կայուն զարգացում ու կառավարում»,- Շարվաշիձեի խոսքերն է փոխանցում «interpressnews.ge»-ն:
Չխենկելին նախարարի պաշտոնում նշանակվել է անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում՝ փոխարինելով Ալեքսանդր Ջեջելավային։