Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները այսօր հանդիպել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ: Նրանք երաշխիքներ են ուզում, որ գողերը այլևս չեն մտնի իրենց գյուղ, և նրանք կկարողանան խաղաղ ապրել:
Այսօր ժամը 12: 00-ին Դադեշ գյուղի բնակիչները, մոտ 40 հոգի Շրջանային ժողովի շենքում հանդիպեցին խորհրդարանի պատգամավորի հետ:
Ըստ Հենզել Մկոյանի, պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի գողացված անասունները վերադարձվեն բնակիչներին:
«Ես զանգահարել եմ բոլոր նախարարություններ` Ներքին գործերի նախարարություն, Անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, սահմանապահներին: Նրանք բոլորն էլ մտահոգված են տեղի ունեցածով և փորձում են ամեն ինչ անել, որ օգնեն ձեզ: Նրանք խոստացել են օգնել: Պարզապես պետք է մի քիչ սպասել, չխանգարել նրանց աշխատանքին: Եվ հավատացեք, որ պետությունը ձեր մեջքին կանգնած է», – ասաց Հենզել Մկոյանը:
Դադեշի բնակիչները մտահոգված են Թուրքիայի սահմանի անվտանգության մակարդակով, նրանք պահանջում են սահմանի վերահսկողությունը ուժեղացնել:
«Թող պատժեն: Ինչպես է դա հնարավոր, 50 մետրի վրա անասնուններին գողանում են, իսկ սահմանապահները դա չեն նկատում: Մենք ապրում ենք սահմանի վրա, և շատ մտահոգված ենք: Եթե այսպես շարունակվի, կարող է մի օր էլ գան մեզ սպանեն ու հեռանան, կամ գողանան մեր երեխաներին: Իսկ ինչու է թուրքական կողմը հագեցած տեսախցիկներով, իսկ մեր կողմը՝ ոչ: Որ դարում ենք մենք ապրում: Հնարավոր է սահմանի պետերը, նույնիսկ պայմանավորվածություն ունեն միմյանց հետ, թե չէ ոնց չի տեսել, բա ինչի է կանգնած այդտեղ », – վրդովված ասում է Ցոլակ Մարտիրոսյանը:
Ներկա պահին գողերը կարողացել են սահմանով անցկացնել 15 կով և հորթերի, ձի ու շուն: Դադեշցիների խոսքերով թուրքական կողմի տեսախցիկները արձանագրել են անասուններին իրենց տարածքում, և որ թուրքական կողմը հաստատում է անասունների սահմանն անցնելը:
Ըստ Սեդրակ Աբրահամյանի, նրանք արդեն վախենում են ամեն ինչից:
«Մեզ հետաքրքիր է, թե որքան է շարունակվելու այս անտերությունը սահմանում: Մենք վախենում ենք: Մենք մտահոգված ենք սահմանի անապահովությամբ: Սա առաջին դեպքը չէ», – ասում է Գրիգոր Մարտիրոսյանը:
Ոմանք չեն հավատում, որ կարող են անասուններին վերադարձնել, բայց նրանք ուզում են հասնել նրան, որ ուժեղացվի սահմանի պաշտպանությունը:
Հանդիպման ժամանակ Դադեշի բնակիչները եկան համաձայնության, որ նրանք առայժմ կսպասեն, որպեսզի անասուններին վերադարձնեն, հակառակ դեպքում նրանք կոնկրետ քայլեր կձեռնարկեն:
«Մենք դեռ կսպասենք, մեզ խնդրեցին, մենք հավատում ենք նրանց և կսպասենք: Բայց եթե անասուններին չվերադարձնեն, մենք գիտենք, թե ինչ ենք անելու», ասում է Մխիթար Սիմոնյանը:
Նոյեմբերի 6-ի վիդեոն, Կարծախ-Ախալքալաք մայրուղու վրա, Դադեշ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց գողացված և Թուրքիա տեղափոխված անասուններին, ինչպես նաև ամրապնդել սահմանի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղից գողացվել են կովեր, հորթեր, ձի, շուն և սարքավորումներ:
Շուշան Շիրինյան
Հոդվածն ամբողջովին արտատպվել է «Jnews.ge» կայքից: