
Վրաստանում անչափահասների հնարավոր ամուսնության հիմքով` 2020 թվականից մինչ օրս, հետաքննություն է սկսվել 397 դեպքի առնչությամբ. նրանցից 153 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
Այս տվյալները «Վրաստանում վաղ/մանկական ամուսնությունների վնասակար պրակտիկան» զեկույցից է, որը պատրաստել է «Ժողովրդավարության և կառավարման կենտրոնը»՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ։
Զեկույցում, որը ներառում է ինչպես քանակական, այնպես էլ որակական հետազոտության մեթոդներ, վերլուծվել է 74 քրեական գործ։
Դեպքերը վկայում են, որ թեև հաճախ նախաքննությունը սկսվում է անմիջապես, սակայն անչափահասները ստիպված են բախվել այնպիսի համակարգային խոչընդոտների, ինչպիսիք են, օրինակ` քննիչի ոչ պրոֆեսիոնալ հարցերը, ընտանիքի ճնշումները և բռնաբարության դեպքերի անտեսումը։