«Մենք կարծում ենք, որ պետական սահմանները փոխելու փորձերը սպառնում են ոչ միայն տարածաշրջանի անվտանգությանը, այլև զգալիորեն խոչընդոտում են Սևծովյան տարածաշրջանում քաղաքական և տնտեսական համագործակցությանը», — Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 25-րդ ամյակի կապակցությամբ անդամ երկրների խորհրդարանների նախագահների նիստին այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Խոսելով Սևծովյան տարածաշրջանի անվտանգության և կայուն զարգացման մասին՝ Կոբախիձեն նշել է, որ 21-րդ դարում Սևծովյան տարածաշրջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դեռևս կոպտորեն խախտվում է:
«Մենք Սևծովյան տարածաշրջանում զգալի մարտահրավերների առջև ենք կանգնած. այս կազմակերպության հիմնադիր անդամը շարունակում է խախտել ՄԱԿ-ի խարտիայի հիմնարար սկզբունքները, սակայն, ի սկզբանե այս կազմակերպության նպատակն էր «Սևծովյան տարածաշրջանը վերածել խաղաղության, կայունության և բարգավաճման տարածաշրջանի», ինչպես նշված է մեր կազմակերպության կանոնադրության մեջ», — նիստի ժամանակ նշել է Կոբախիձեն: