Վրաստանի կառավարությունը ստեղծում է զբոսաշրջության զարգացման համապարփակ ռազմավարություն, որը նախատեսում է երկրում նոր զբոսաշրջային կենտրոնների հիմնում:
Կառավարության ծրագիրը հաստատվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի ամիս առաջ. հիշեցնենք` եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 43% -ից պակաս ձայն հավաքի, ապա երկրում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«2025 թվականին Վրաստանը կընդունի 10 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների, իսկ մինչև 2030 թվականը Վրաստան կայցելի առնվազն 13-14 միլիոն օտարերկրացի: Մենք ունենք զբոսաշրջության վերականգնման լավ տեմպ, և մեր նպատակն է 2025 թ.-ին զբոսաշրջության ոլորտից ստանալ առնվազն 4,2 միլիարդ դոլար եկամուտ: Նոր ռազմավարությունը մի քանի ուղղություն է ներառում` այդ թվում խոշոր տուրիստական նախագծեր: Նրանց հայեցակարգը կենտրոնանալու է այն զբոսաշրջային նախագծերի իրականացման վրա, որոնցում Վրաստանն աշխարհում եզակի առավելություն ունի», — լրագրողներին ասել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Զբոսաշրջության ռազմավարության երկրորդ ուղղությունը վրացական հանգստավայրերի զարգացումն է: Ըստ Թուրնավայի` խոսքը ոչ միայն խոշոր, հայտնի հանգստավայրերի, այլև համեմատաբար մոռացված հանգստավայրերի մասին է, որոնք նախկինում մեծ պահանջարկ ունեին և այժմ պետք է իրացնեն իրենց ներուժը:
Վրաստանում զբոսաշրջությունը կորոնավիրուսային համաճարակից առավել տուժած ոլորտն է: Զբոսաշրջությունից ստացած եկամուտը մինչ COVID-19- ը` կազմում էր երկրի ընդհանուր տնտեսության մոտ 10%-ը: 2019 –ն այս առումով ռեկորդային էր`ավելի քան 9,3 միլիոն միջազգային ճանապարհորդ և 3,3 միլիարդ դոլար եկամուտ: Սա ոլորտում ներգրավվածներին ստիպեց մեծ ներդրումներ անել` 2020-ի սեզոնին պատրաստվելու համար, սակայն պանդեմիան կոտրեց զբոսաշրջության հետ կապված ծրագրերն ու հույսերը: 2020-ին զբոսաշրջությունից ստացվեց ռեկորդային ցածր եկամուտ` ընդամենը 427,7 հազար դոլար, իսկ միջազգային ճանապարհորդների թիվը իջավ 1,7 միլիոնի: