«2024-ն անցումային տարի». տեսակետներ Թբիլիսիում անցկացված համաժողովի մասին

Սեպտեմբերի 2-3-ը մայրաքաղաքում անցկացվեց «2024. անցումային տարի» Թբիլիսիի ամենամյա միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցեցին վրացի և օտարերկրյա քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հետազոտողներ և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովին ներկա էին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իսկ վերջին մի քանի տարիներին իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներն այլևս չեն մասնակցում:

ԱՄՆ-ի Ջորջ Բուշի ինստիտուտի գործադիր տնօրեն Դեյվիդ Կրամերի խոսքով, «Վրաստանում իրավիճակը շատ բևեռացված և քաղաքականացված է. «Վրաստանը կարծես գտնվում է խաչմերուկում»:

Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ այն, որ վերջին տարիներին վրաստանյան քաղաքական դաշտը բևեռացված է, բազմիցս խոսվել է: Մելաշվիլիի խոսքով, ակնհայտ է՝ «Վրացական երազանք»-ն ամեն ինչ անում է ընդդիմադիրներին լռեցնելու համար:

Մելաշվիլին հիշատակեց իշխող կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խոսքը, որով վերջինս քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմադիրներին վախեցնում էր ռեպրեսիաներով:

«Այս համաժողովը շատ կարևոր է, քանի որ դրան մասնակցում են այն մարդիկ, որոնք Վրաստանի ընկերներն են, տարիներ շարունակ աշխատում են Վրաստանի շահերն Արևմուտքում ներկայացնելու ուղղությամբ: Եվ այն բոլոր ուղերձները, որ հնչում են այս համաժողովում՝ նախազգուշացումներ են «Վրացական երազանք»-ին ուղղված»,- ասաց Մելաշվիլին:

Համաժողովի առաջին նիստը՝ սեպտեմբերի 2-ին, նվիրված էր Վրաստանին։ Նիստը վարում էր Վրաստանում ԱՄՆ դեսպան (2015-2018 թթ.), ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի պրոֆեսոր Յան Քելլին։

«Այս երկիրն իր գեներով արևմտամետ է… Արևմտամետ պայքարը շարունակվում է, բայց այն, ինչ տեղի է ունենում իշխանության մակարդակով, ապշեցուցիչ է»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Մելաշվիլիի խոսքով՝ Քելլիի հայտարարությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, թե որքան մեծ անդունդ կա վրաց ժողովրդի և Վրաստանի կառավարության միջև: Ըստ քաղաքագետի՝ այսօր Վրաստանի կառավարությունն ազգային շահով չի առաջնորդվում. իշխանությունն ուղղակիորեն ընդդիմանում է վրաց ժողովրդի ցանկությանը՝ անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:

Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Թոռնիկե Գորդաձեի խոսքով, Վրաստանի գործընկերները զարմացած են, քանի որ այդպիսի նպատակային սաբոտաժ (եվրատլանտյան ուղու — հեղ.) ոչ մի այլ երկրում չեն տեսել:

«Այն, որ Վրաստանի եվրանդամակցությունը սառեցված է, դրա մասին հենց գործընկերներն ասացին, բայց սա չի սահմանափակվի միայն սառեցմամբ, հնարավոր է՝ իրավիճակն ամբողջությամբ փոխվի, և դա զգում է հենց վրաց ժողովուրդը»:

Վրաստանի «Ատլանտյան խորհրդի» փոխնախագահ և ԱՄՆ-ում նախկին դեսպան Բաթու Քութելիայի խոսքով, Վրաստանում զարգացող իրադարձությունները «ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեծ ճակատամարտի» մաս են։ Ըստ նրա՝ Վրաստանի արտաքին կողմնորոշման փոփոխությունն ուղղակիորեն կապված է Վրաստանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացման հետ։

Քութելիան ընդգծել է նաև, որ, Արևմուտքի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ, Վրաստանի կառավարությունը մերձենում է ավտորիտար ռեժիմներին։

Թբիլիսիի միջազգային համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, քննարկվել են ԱՄՆ ընտրություններին նվիրված թեմաներ: