Վրաստանում 2024 թվականը լի էր մի շարք ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Մասնավորապես, Վրաստանի եվրաինտեգրման պրոցեսի դադարեցումից մինչև ներքաղաքական իրավիճակի սրում, հակաժողովրդավարական օրենքերի ընդունումից մինչև վիճահարույց խորհրդարանական ընտրութուններ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ կրկին ինփիչմենթի փորձից մինչև «Վրացական երազանք»-ի առաջադրած նոր՝ 6-րդ նախագահի ընտրություն, երկրի փաստացի մեկուսացում, բազմահազարանոց ցույցեր ու ցույցերի բռնի ճնշումներ, պատժամիջոցներ ժողովրդավարությունը խարխլողների և խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառողների նկատմամբ:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը 2024 թվականի քաղաքական ամենաքննարկված թեմաները ներկայացնում է ըստ ժամանակագրության:
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ. այս օրենքը 2023-ին հետ էր կանչվել: Օրենքի քննարկմանն ու ընդունմանը զուգահեռ «Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց օրենքի վրա, որը խորհրդարանը հաղթահարեց, ի վերջո՝ օրենքին իրավական ուժ տվեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարան դիմեց՝ պահանջելով չեղարկել «գործակալների օրենքը»։ ՍԴ-ում հայց ներկայացրին նաև հասարակական և լրատվական կազմակերպությունները։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները ևս դիմեցին ՍԴ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայցերն անհեռանկարային գնահատեց: Ի վերջո, ՍԴ-ն մերժեց հայցերը և օրենքը սեպտեմբերից կիրարկվեց, որտեղ գրանցվեցին որոշ ՀԿ-ներ:
Հաջորդ հակաժողովրդավարական օրենքը «ՀակաԼԳԲՏ» օրենքն էր, որը ևս Վրաստանի արևմտյան գործընկերների բուռն քննադատությանն արժանացավ: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց հունիսի 27-ին, երկրորդ ընթերցմամբ՝ սեպտեմբերի 4-ին, երրորդ՝ վերջին ընթերցմամբ՝ սեպտեմբերի 19-ին: «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը փոփոխություններ է նախատեսում գործող 18 օրենքներում։ Ընդդիմության մի մասը չէր ներկայացել խորհրդարանի լիագումար նիստին։ Նրանք «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո բոյկոտել էին նիստերը:
Նախընտրական շրջանում՝ ընտրություններից երեք շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 6-ին, «Վրացական երազանք»-ն առաջին անհաջող փորձից հետո (2023-ին ևս փորձել էր) վերստին իմփիչմենթի ընթացակարգ սկսեց նախագահ Զուրաբիշվիլիի արտասահման չարտոնված այցերի համար։ «Վրացական երազանք»-ն իմփիչմենթի հարցով դիմեց ՍԴ՝ նախագահին մեղադրում էր Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետը խախտելու համար: Ըստ այդ ենթակետի՝ Վրաստանի նախագահը պետք է արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ իրականացնի կառավարության համաձայնությամբ: Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար «Վրացական երազանք»-ին անհրաժեշտ էր 100 ձայն, որն իշխող կուսակցությունը չուներ, չստացավ նաև 11-րդ գումարման խորհրդարանում: Զուրաբիշվիլին մնաց մինչև պաշտոնավարման ավարտը:
2024-ի ամենաքննարկված թեման հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ փորձագետների՝ պետք է որոշեին ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Հարավային Կովկասի ճակատագիրը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներն ունի «Վրացական երազանք»-ը, հետո ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Վրաստանի համար» կուսակցությունները:
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրներն ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են, նոր ընտրություններ են պահանջում։ Հայցեր ներկայացրին ՍԴ, որը մերժվեց: Ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները և հրաժարվեց խորհրդարանական մանդատներից: Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր սկսվեցին, որոնք շարունակվում են մինչ օրս:
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։ Ըստ միջազգային դիտորդների զեկույցների՝ վրաստանյան ընտրությունները «լուրջ թերություններով» են անցկացվել:
Ընտրություններից շուրջ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, «Վրացական երազանք»-ը հայտարարեց՝ մինչև 2028 թվականի ավարտը հրաժարվում է օրակարգ բերել եվրանդամակցության բանակցությունների բացման հարցը: Այդ օրվանից Թբիլիսիում և Վրաստանի տարբեր շրջաններում եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք շարունակվում են ցայսօր:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։ Թբիլիսիի ռազմավարական գործընկերները՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, դադարեցրին մի շարք կարևոր նախագծերն ու համագործակցությունը:
Ցույցերի առաջին օրերին հատուկջոկատայիններն ու դիմակավորված անձինք բռնության էին ենթարկում քաղաքացիներին՝ ցույցերի ժամանակ, մետրոյում, փողոցում: Ցուցարարների դեմ բիրտ ուժ էր կիրառվում՝ արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ, ջրցան մեքնա և այլն: Այդ օրերին բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 400-ը, ցուցարարներից ոմանք կալանավորվել են, բերման ենթարկվածներից շատերն ասել են՝ թե՛ բերման ենթարկելիս, թե՛ դրանից հետո ֆիզիկական բռնության են ենթարկվել: Այդ օրերին ցուցարարներին բռնության ենթարկած ոչ մի իրավապահ պատասխանատվության չի ենթարկվել:
Սրան զուգահեռ` Վրաստանի պատմության մեջ առաջին անուղղակի նախագահական ընտրություններում, որի լեգիտիմությունը չեն ճանաչում գործող 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քաղհասարակությունն ու մեծ թվով փորձագետներ, «Վրացական երազանք»-ի ընտրական կոլեգիան դեկտեմբերի 14-ին քվեարկեց միակ թեկնածուի՝ նախկին ֆուտբոլիստ և հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիի օգտին՝ նրան դարձնելով երկրի 6-րդ նախագահը:
Վրաստանի 5-րդ ընտրված նախագահ Զուրաբիշվիլին Կղավելաշվիլիի ընտրությունը 6-րդ նախագահի պաշտոնում անվանել է «սադրանք» և «պարոդիա»: «Վրացական երազանք»-ը Կղավելաշվիլիի երդմնակալությունը նշանակել է դեկտեմբերի 29-ին։ Սահմանադրագետները, փորձագետներն ու ընդդիմությունը պնդում են՝ երկրի նախագահի ընտրությունը լեգիտիմ չէ, քանի որ նրա ընտրությունը նշանակել է խորհրդարանը, որը նույնպես լեգիտիմ չէ: Զուրաբիշվիլին Վրաստանում միակ լեգիտիմ դերակատարն է, որի հետ բանակցում է Արևմուտքը:
Փորձագետների գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ն այս տարի բացեիբաց հայտարարեց Արևմուտքից ու ԵՄ-ից դեպի բռնապետություն թեքվելու մասին: Ըստ նրանց՝ «Վրացական երազանք»-ը փոխել է երկրի արտաքին քաղաքական կուրսը և ժողովրդավարական աշխարհին միանալու փոխարեն շարժվում է դեպի բռնապետական աշխարհի ուղղությամբ: