2024-ի ընտրություններն արտերկրում և էմիգրանտների մարտահրավերները

2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին կարող են մասնակցել Վրաստանի քաղաքացիություն և դրա հետ մեկտեղ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք։ Խորհրդարանական ընտրություններից առաջ խնդրահարույց թեմաներից մեկը Վրաստանի քաղաքացի էմիգրանտների հարցն է։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշման համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների համար 42 երկրների 53 քաղաքներում ընդհանուր առմամբ պետք է բացվեր 60 ընտրատեղամաս։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն արտերկրում կբացի լրացուցիչ վեց ընտրատեղամաս։ Ի վերջո, հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել 42 երկրների 53 քաղաքների 67 ընտրատեղամասերում։ Արտերկրում բացված վայրերի ցանկը տե՛ս այս հղումով։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ հյուպատոսություններում գրանցում է անցել 65 հազար 508 ընտրող։ Ավելի ուշ այս տվյալները թարմացվել են, և արտասահմանում ընտրելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 95 հազար 834 է։

Էմիգրանտները խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար հնարավորություն ունեին գրանցվելու համապատասխան հյուպատոսություններում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 7-ը: Էմիգրանտների պահանջը լրացուցիչ ընտրատղամասեր բացելն էր, ինչը, փաստորեն, չիրականացավ։ Վրացի Էմիգրանտները խոսում են իրավունքների խախտումների մասին: Ըստ նրանց՝ հաշվի առնելով, որ 2023 թվականին Վրաստանի 163 հազար 480 քաղաքացի լքել է երկիրը, արտասահմանում բացված ընտրատեղամասերի թիվը բավարար չէ։ Բացի այդ, ընտրատեղամասեր կբացվեն միայն Վրաստանի հյուպատոսարաններում, ինչը զգալի խնդիր է խոշոր երկրներում բնակվող Էմիգրանտների համար։

Այստեղ հարկ է նշել, որ կան երկրներ, որտեղ 2024 թվականի ընտրությունների համար առաջին անգամ են բացվում ընտրատեղամասեր, այդ երկրներն են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆինլանդիան, Հարավային Կորեան, Ճապոնիան և Ավստրալիան։ Նշված երկրներում գրանցված ընտրողների թիվը տատանվում է 52-ից 136-ի սահմաններում։

Նշենք նաև, որ ընդդիմադիր կուսակցությունները, ոչ կառավարական հատվածը և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մի քանի ամիս է խոսում են էմիգրանտների համար լրացուցիչ ընտրատեղամասեր բացելու անհրաժեշտության մասին։

Էմիգրանտներիի խնդրանքը հիմնված է «Ընտրական օրենսգրքի» հոդվածի վրա, ըստ որի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների հիման վրա ԿԸՀ-ն պետք է արտերկրում բացի ընտրական տեղամասեր առնվազն 50 և ոչ ավելի, քան 3000 ընտրողների համար։

Սեպտեմբերի 30-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է արտերկրում ընտրական տեղամասերի բացակայությունը։ Մասնավորապես, նա համեմատել է Մոլոդովայի և Վրաստանի վիճակագրությունը, ըստ որի՝ հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրությունների համար Մոլոդվան արտասահմանում բացել է 228 ընտրատեղամաս, մինչդեռ Վրաստանում այդ թիվը 60 է։ «Ամոթ չի կոչվում սա. օրենքն անտեսելը, մարդկանց ընտրելու իրավունքը մերժելը՝ քրեական գործ է»,- գրել է Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման մեջ։

Նախագահի քննադատությանը ԿԸՀ-ն պատասխանել է մամուլի հաղորդագրությամբ, որտեղ ասվում է. «Արտերկրում ընտրատեղամասերը ստեղծվել են արտաքին գործերի նախարարության տվյալների հիման վրա։ Սեպտեմբերի 26-ին օրենսդրության խստիվ պահպանմամբ՝ ԿԸՀ-ի նիստում որոշվել է 42 երկրներում բացել 60 ընտրական տեղամաս: Ընտրատեղամաս է բացվել այնտեղ, որտեղ կար դրա իրավական հիմքը: Իրավական որոշումների խտրական ձևով ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան գերատեսչության կանխամտածված վարկաբեկում և ընտրական գործընթացին վնաս»:

Օրենսդրության համաձայն՝ այլ երկրներում ընտրություններին կարող է մասնակցել ընտրողների 3 կատեգորիա. նրանք, ովքեր հաշվառված են Վրաստանի հյուպատոսական ռեգիստրում, գրանցված են արտերկրում և չեն գտնվում Վրաստանի հյուպատոսական ռեգիստրում, չեն գտնվում Վրաստանի հյուպատոսական ռեգիստրում և գրանցված չեն արտերկրում, բայց ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան 19 օր առաջ կհաշվառվեն այլ պետությունում ստեղծված տեղամասային ընտրական հանձնաժողովում, արտերկրում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունում կամ Վրաստանի հյուպատոսական հիմնարկում։

Բացի այդ, հյուպատոսական գրասենյակում գրանցվելը չի ​​հանգեցնում որևէ իրավական հետևանքի, ինչը նշանակում է, որ ապօրինի բնակվող վրացիները գրանցման հետ կապված որևէ խնդիր չունեն։ Հետևաբար, եթե նրանք ունեն վավերական անձնագիր կամ նույնականացման քարտ, կարող են մասնակցել ընտրություններին։

Ընտրատեղամասերի բացման վերաբերյալ վերջնական որոշում կայացնում է ԿԸՀ-ն, սակայն՝ արտաքին գործերի նախարարության տվյալների հիման վրա։

Կարևոր է, որ հյուպատոսական ռեգիստրում գրանցումն անվճար է, և այդ նպատակով ստեղծված geoconsul.gov.ge կայքում հնարավոր է եղել և՛ գրանցումը, և՛ գրանցման կարգավիճակի վերաբերյալ տվյալների ստուգումը մինչև հոկտեմբերի 7-ը։

Ստույգ տվյալներ, թե ընտրելու իրավունք ունեցող Վրաստանի քանի՞ քաղաքացի է գտնվում երկրի սահմաններից դուրս, հայտնի չեն։ Վրաստանի արտագաղթի ցուցանիշները վերջին տարիներին հետևյալն են. 2018 թվականին Վրաստանը լքել է 98 հազար 935 մարդ, 2019 թվականին՝ 105 հազար 107, 2020 թվականին՝ 74 հազար 264, 2021 թվականին՝ 99 հազար 974, 2022 թվականին՝ 125 հազար 269, 2023-ին՝ 163 հազար 480 մարդ։

Ասենք նաև, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար, ըստ ԿԸՀ-ի, 38 նահանգներում բացվել է 52 ընտրատեղամաս։ 2020 թվականի ընտրությունների օտարերկրյա ընտրատեղամասերում գրանցվել է Վրաստանի 66 հազար 217 քաղաքացի, որոնց մի մասը հյուպատոսական հաշվառման մեջ է եղել, իսկ մի մասը՝ ընտրություններին մասնակցելու համար է հաշվառվել։ Արդյունքում արտերկրում ընտրություններին մասնակցել է Վրաստանի 12 հազար 247 քաղաքացի։

Ընդդիմադիր կուսակցությունները մեծ նշանակություն են տալիս ընտրություններին Վրաստանի սահմաններից դուրս քաղաքացիների մասնակցությանը։ Պատճառներից մեկն այն է, որ, ըստ վերջին ընտրությունների արդյունքների, էմիգրանտները ընտրական առումով ընդդիմադիր են։

Մասնավորապես, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է երկրից դուրս բացված ընտրատեղամասերում քվեարկածների ձայների 45,57 տոկոսը, իսկ իշխող «Վրացական երազանքը»՝ 29,03 տոկոսը։ Սա այն ֆոնին, երբ խորհրդարանական ընտրությունների համամասնական մասում իշխող կուսակցությունը ստացել է Վրաստանում քվեարկածնների ձայների 48,22 տոկոս, իսկ ՄԱՇ-ը՝ 27,18 տոկոս։

Հարկ է նշել նաև, որ 2012 թվականին «Վրացական երազանքը» արտասահմանյան ընտրություններում հավաքել է ձայների 53,4 տոկոսը, 2016 թվականին՝ 39,6 տոկոսը, իսկ 2020 թվականին՝ 29 տոկոսը։

Նշենք նաև, որ արտասահմանում ընտրողների ակտիվ ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար «Արդար ընտրությունները», որը տարիներ շարունակ հետևում է Վրաստանի ընտրություններին, երկու անգամ վեճ է ներկայացրել Թբիլիսիի քաղաքային և վերաքննիչ դատարաններում։

«Արդար ընտրությունները» կոչ է արել ընտրատեղամասեր ստեղծել Իսպանիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի չորս տարբեր քաղաքներում։ Առաջին դեպքում դատարանը դադարեցրել է վարույթը, իսկ երկրորդ դեպքում՝ դատարանը գործը քննել է ըստ էության, սակայն չի բավարարել կազմակերպության պահանջները։

«Մեր մանդատի շրջանակներում մենք կշարունակենք պաշտպանել ընտրողների իրավունքները ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ օգտագործելով բոլոր իրավական մեխանիզմները»,- գրել է կազմակերպությունը։

«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով ամերիկյան Edison Research կազմակերպության կատարած հետազոտության համաձայն՝ բնակչության 87 տոկոսը կարծում է, որ Վրաստանի քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են՝ արտերկրում վրացի էմիգրանտների համար ընտրական տեղամասեր չբացելով։

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ ընտրություններն իսկապես ակտիվացրին էմիգրանտների ընտրելու իրավունքի հարցը։ Հասարակության մեջ կարծիքները միանշանակ չեն: Օրենքի անորոշության կամ ոչ պատշաճ կամքի առկայության պատճառով հստակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք հյուպատոսությունից դուրս այլ քաղաքներում կարելի՞ է ընտրատեղամասեր բացել։ Իշխանությունն ու ընդդիմությունը փորձում են հանրությանն ապացուցել, որ օրենքի իրենց մեկնաբանությունը ճիշտ է։ Ստեղծված իրավիճակում նշված գործընթացը չի կարող փոփոխություններ առաջացնել։ Ընտրություններին մնացել է 1 շաբաթից էլ քիչ ժամանակ, և այսպիսով լրացել են վերոնշյալ ընտրատեղամասերի բացման ժամկետները։ Արդյունքում Վրաստանի 95 հազար քաղաքացիներ աշխարհի 42 երկրների 53 քաղաքներում ընդհանուր 67 ընտրտեղամասերում քվեարկելու հնարավորություն կունենան։