2024-ի ընտրություններում կուսակցությունների կազմը

2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք վրաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ կգործի 5 տոկոսի շեմը, ինչի պատճառով կուսակցությունները դաշինքներ են կազմում խորհրդարան մտնելու հնարավորությունը մեծացնելու համար։

Մինչ Վրաստանի նախագահը նախընտրական քարոզարշավը պաշտոնապես բացված կհայտարարի, քաղաքական կուսակցությունների միջև վերջնական կոնֆիգուրացիաներ են կատարվում։ Ստորև ներկայացված է, թե ինչպիսին է կուսակցությունների կոնֆիգուրացիան:

N5 – «Միասնություն»՝  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցություն

«Միասնություն»-ը խորհրդարանական ընտրություններում հանդես կգա 5 համարի ներքո. այսպես է կոչվում «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) շուրջ նոր միավորումը։

ՄԱՇ-ը, որը 2012-ին իշխանությունը կորցնելուց հետո չի կորցրել ամենամեծ ընդդիմադիր կուսակցության կարգավիճակը, անցյալ տարի «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի հետ ընդհանուր հարթակ է կազմել։

«Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ն Գիորգի Վաշաձեի կուսակցությունն է, որը 2016 թվականի ընտրություններից առաջ լքեց ՄԱՇ-ը և 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացավ ձայների 3,15 տոկոսը և չորս պատգամավորական մանդատ։

Հուլիսին այս երկու կուսակցությունների հիման վրա ստեղծվեց «Միասնություն» հարթակը, որին միացան մի քանի անկուսակցական քաղաքական ու հասարակական գործիչներ, այդ թվում.

  • Արմազ Ախվլեդիանին. 2013-2016 թվականներին իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքական քարտուղար: 2020 թվականին «Եվրոպական Վրաստանի» ցուցակից պատգամավոր է դարձել։
  • Թամար Կորձաիան. անկախ պատգամավոր և նախկին «Հանրապետական» կուսակցության անդամ, 2013-2016 թվականներին՝ «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու՝ Թբիլիսիի Նաձալադևիի շրջանում: 2020 թվականին նա խորհրդարան է մտել ՄԱՇ-ի ցուցակով։
  • Պատմաբան Լաշա Բաքրաձեն և դիվանագետ Գիա Ջափարիձեն:

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ «Միասնությանը» միացել է «Եվրոպական Վրաստան»-ը, որը ՄԱՇ-ից անջատվել է 2017 թվականին:

Այս որոշումից որոշ ժամանակ առաջ «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներ Գիգա Բոկերիան և Թամար Չերգոլեիշվիլին լքեցին «Եվրոպական Վրաստան»-ը և հիմնեցին նոր կուսակցություն՝ «Ֆեդերալիստներ»։ «Եվրոպական Վրաստան»-ն այժմ գլխավորում են Գիգի Ծերեթելին ու Ակակի Բոբոխիձեն։

ՄԱՇ-ի առաջնորդները կողմ էին 2024 թվականի ընտրությունների համար ընդդիմության միասնական ցուցակի ձևավորմանը, թեև մյուս ընդդիմադիրները հրաժարվել էին այս մտքից։

N4 – «Կոալիցիա փոփոխությունների համար»

Այս դաշինքում են ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության նախկին տնօրեն, ՄԱՇ-ի կառավարման տարիներին պետական ​​բարձրաստիճան պաշտոնյա Նիկա Գվարամիայի և նույն կուսակցության նախկին առաջնորդ Նիկա Մելիայի «Ախալի» կուսակցությունը, ինչպես նաև Զուրաբ Ջափարիձեի «Գիրչի — առավել ազատություն»-ը, Էլենե Խոշտարիայի «Դրոա»-ն և «Հանրապետականներ»-ը:

Մելիան ՄԱՇ-ը լքել է 2023 թվականի վերջին՝ ներկուսակցական հակասությունների պատճառով` առաջնորդի ընտրությունից հետո։ 2024 թվականի մարտին նա նոր կուսակցություն է հիմնել Գվարամիայի հետ միասին, որին Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 2023 թվականի ամռանը՝ մեկ տարվա ազատազրկումից հետո։

Ջափարիձեն 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին հաջորդած պառակտումից հետո լքեց սեփական կուսակցությունը՝ «Գիրչի»-ն և հիմնեց նոր կուսակցություն՝ «Գիրչի- առավել ազատություն» անվամբ։ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ջափարիձեի նոր կուսակցությունը Թբիլիսիում ստացել է ձայների 3,3 տոկոսը, իսկ ազգային մակարդակում՝ 1,4 տոկոսը (բացի Թբիլիսիից, նրանք առաջադրվել են ևս վեց մունիցիպալիտետներում)։

«Դրոա»-ն 2021 թվականի մարտին հիմնադրել է «Եվրոպական Վրաստան»-ից հեռացած Էլենե Խոշտարիան։ Ինքնակառավարման ընտրություններում «Դրոա»-ն առաջադրվել է միայն Թբիլիսիում, Փոթիում և Բաթումիում, որտեղ ստացել է, համապատասխանաբար, 2,1 տոկոս, 0,9 տոկոս և 0,5 տոկոս ձայն։

Օգոստոսի 18-ին «Ախլի»-ի, «Գիրչի — առավել ազատության» և «Դրոա»-ի միասնությանը միացավ Հանրապետական կուսակցությունը, որի նախագահն այժմ Խաթունա Սամնիձեն է։

«Եվրոպական Վրաստանի» պառակտումից հետո քառյակին է միացել քաղաքական գործիչ Բեսիկ Դոնաձեն:

N9 – «Ուժեղ Վրաստան»

Եվս մեկ քաղաքական դաշինք է համախմբված Մամուկա Խազարաձեի «Լելո» կուսակցության շուրջ:

2020 թվականի ընտրություններում 3,15 տոկոս և չորս մանդատ ստացած «Լելո»-ին են միացել նորաստեղծ «Ազատության հրապարակ» շարժումը, Աննա Դոլիձեի «Ժողովրդի համար» կուսակցությունը և Ալեկո Էլիսաշվիլիի «Քաղաքացիներ»-ը:

«Ազատության հրապարակ»-ը հուլիսի 1-ին հիմնադրել է «Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն»-ի (EECMD) ղեկավար Լևան Ցուցքիրիձեն։

Դոլիձեն՝ որպես մեծամասնության անկախ թեկնածու, առաջադրվել էր 2020 թվականին Դիդուբեի շրջանի ընտրություններում և երրորդն էր՝ 18 տոկոսով: Հաջորդ տարի Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում նա հավաքել էր ձայների 4,6 տոկոսը, իսկ նրա կուսակցությունը մայրաքաղաքում հավաքեց 2,6 տոկոսը։

Էլիսաշվիլին քաղաքական ակտիվություն է ցուցաբերել 2014 թվականին, որպես անկախ թեկնածու մասնակցել է Սաբուրթալոյի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ընտրվել Սակրեբուլոյի անդամ։ 2017 թվականի Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում Էլիսաշվիլին շատերի համար անսպասելի զբաղեցրեց երկրորդ տեղը. ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն հաղթեց առաջին փուլում։

2020 թվականին Էլիսաշվիլին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է նոր՝ «Քաղաքացիներ» կուսակցությամբ։ Այնուհետև կուսակցությունը ստացավ ձայների 1,33 տոկոսը և երկու մանդատ. խորհրդարան անցան ինքը՝ Էլիսաշվիլին և նրա կուսակից Լևան Իոսելիանին. վերջինիս հետագայում խորհրդարանն ընտրեց հանրային պաշտպան։

2020 թվականի ընտրություններից հետո զարգացած քաղաքական ճգնաժամի ընթացքում դաշինքի առաջնորդ Մամուկա Խազարաձեն և Ալեկո Էլիսաշվիլին լարված հարաբերություններ են ունեցել՝ ուղիղ եթերներից մեկի ժամանակ  քիչ էր մնում բանը հասներ ֆիզիկական բռնության։

Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Վրաստան»-ի նախընտրական շտաբը գլխավորելու է «Նոր աջեր» կուսակցության նախկին առաջնորդ Դավիթ Գամկղրելիձեն։ Գամկղրելիձեն բացատրել է, որ մտադիր չէ ընտրություններից հետո մնալ քաղաքականության մեջ կամ մտնել խորհրդարան։

Առանց դաշինքների (ալյանսների)

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը միայնակ կմասնակցի 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այն ֆոնին, որ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցությունը ստացել է ձայների 7,8 տոկոսը, Գախարիան հույս ունի, որ կկարողանա հաղթահարել 5 տոկոսի շեմը՝ նույնիսկ առանց մյուսների հետ միավորվելու։

Ներկայումս «Գիրչի»-ն նույնպես գործում է ինքնուրույն։ Իագո Խվիչիայի և Վախթանգ Մեգրելիշվիլիի կուսակցությունը 2021 թվականին ստացել է ձայների 0,95 տոկոսը։

Այն բանից հետո, երբ ապրիլին հանրային ռեգիստրը չեղարկեց բռնի կոչերով հայտնի, ռուսամետ «Ալտ-Ինֆո» շարժման գրանցումը, շարժման առաջնորդ Զուրաբ Մախարաձեն ասաց, որ իրենք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Հայրենասերների դաշինք»-ի հետ միասին։

Դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք Գիգա Բոկերիայի և Թամար Չերգոլեիշվիլիի նորաստեղծ «Ֆեդերալիստներ» կուսակցությունը կմասնակցի 2024 թվականի ընտրություններին։ Ընտրությունների համար նոր կուսակցություն գրանցելու համար շատ ուշ է, ուստի «Ֆեդերալիստներ»-ն ասում են, որ մինչև սեպտեմբեր կտեղեկացնեն կողմնակիցներին իրենց ծրագրերի մասին: Նրանք կա՛մ կմտնեն դաշինք, կա՛մ չեն մասնակցի ընտրություններին և հրապարակավ չեն սատարի որևէ ուժի։

Վերջապես, անկախ նրանից՝ կկարողանա իշխող «Վրացական երազանք»-ը մնալ իշխանության չորրորդ ժամկետով, թե՝ ոչ, ամենայն հավանականությամբ՝ նա ամենաշատ մանդատները կստանա 2024 թվականի ընտրություններում։

2012 թվականին, երբ առաջին անգամ հաղթեց ընտրություններում, «Վրացական երազանք»-ն ինքը վեց կուսակցությունների միավորում էր, թեև մնացած հինգը ժամանակի ընթացքում հեռացվեցին։

Այս տարի «Վրացական երազանք»-ն առնվազն մեկ նորություն ունի. վերջերս հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը 2022 թվականին լքած պատգամավորներից կազմված հակաարևմտյան և հակաժողովրդավարական հռետորաբանությամբ հայտնի «Ժողովրդի ուժ»-ը վերադառնում է մայր կուսակցություն՝ «Վրացական երազանք»: Նրանք բազմիցս  հակաարևմտյան դիրքորոշումներ են հնչեցրել և 2023 թվականին «գործակալների օրենք»-ի նախաձեռնությամբ են հանդես եկել:

Սկզբնաղբյուրը՝ radiotavisupleba.ge: