Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին գնահատել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում եվրահանձնակատարների հետ ունեցած բարձրաստիճան հանդիպումները։ Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի Վրաստանը կստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։
Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ եվրահանձնակատարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսության բոլոր ոլորտները Վրաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև առաջընթացն այն ուղղություններով, որոնք Վրաստանին մոտեցնում են Եվրամիությանը և նպաստում երկրի եվրաինտեգրմանը։
«Հանդիպումների շատ կարևոր մասը Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներն էին, որոնք այսօր Վրաստանն ինտենսիվորեն իրականացնում է։ Մենք հուսով ենք, որ հիշյալ հանձնարարականների կատարումից հետո, հաջորդ տարի, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը կհաստատվի Եվրահանձնաժողովի կողմից, քանի որ դա հիմնական պահանջն էր, որի շուրջ մենք այսօր կարևոր քննարկումներ ունեցանք Եվրահանձնաժողովի անդամների հետ», — նշել է փոխվարչապետը։