Վրաստանը 2021 թվականին ներմուծել է 1 453 707 000 լիտր բենզին և դիզելային վառելիք, ինչը 7,2 տոկոսով ավելի է 2020 թվականից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին տեղեկատվություն է տարածել մրցակցային գործակալությունը՝ ներկայացնելով 2021 թվականի միջանկյալ հաշվետվությունը։
Մրցակցային գործակալության տվյալներով՝ վառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Թուրքմենստանից՝ կազմելով ընդհանուր ներմուծման 22,1%-ը։
Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղից վառելիքի ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 19,2%-ը, երրորդ տեղում Ռումինիան է՝ 18,2 տոկոսով։
Դիզելային վառելիքը կազմել է ընդհանուր ներմուծման 45,7%-ը, իսկ բենզինը` 54,3%-ը։
«Թուրքմենստանից և Ռուսաստանից ներկրվող սովորական վառելիքի արժեքը զգալիորեն ցածր է Բուլղարիայից և Ռումինիայից ներկրվող նմանատիպ վառելիքի արժեքից։ Տարվա ընթացքում ամենապահանջված սովորական բենզինի օրինակով 1 լիտրի արժեքի տարբերությունը 6-25 թեթրիի սահմաններում է»,- ասված է մրցակցային գործակալության հաշվետվության մեջ։
Մրցակցային գործակալության 2021 թվականի միջանկյալ հաշվետվության տվյալներով՝ Վրաստանում մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինի թանկացումը կազմում է 17-31 թեթրի (5-10%)։
Նշենք, որ Վրաստանում վառելիքի գինը վերջին շրջանում բավականին բարձրացել է։ Ոլորտի մասնագետներից շատերի կարծիքով առաջիկայում վառելիքի միջին գինը կտատանվի 3,50-4 լարիի սահմաններում։