Մառնեուլիում քաղաքացիական ակտիվիստները քաղաքապետարանի շենքի մոտ փետրվարի 4-ին հալվա էին բերել, նշել քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեի «քառասունքը»:
Ինչպես «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում հայտնել են ակտիվիստները, Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեն «մահացել է» դեկտեմբերի 26-ին՝ ընդունման օրը և այսօր, 40-րդ օրը նրան (բյուջեին) վերջնականապես ճանապարհում են:
Ակտիվիստներից Ռաշան Զիադալիևն ասում է, որ քաղաքապետարանն 2020 թվականի բյուջեն ընդունել է առանց բնակչության ներգրավման և նրանց կարիքները հաշվի առնելու:
«2019-ի սեպտեմբերից քաղաքապետարանը սկսեց հանդիպումներ գյուղացիների հետ և մենք ակտիվորեն ներգրավվեցինք գործընթացում: Գյուղերում ակտիվիստները տեղեկություններ չունեին հանդիպումների մասին և միայն տեղական ինքնակառավարման կողմնակիցները գիտեին», — ասում է Զիադալիևը:
Քաղաքացիական ակտիվիստը նաև ասում է, որ բյուջեի քննարկմանը մասնակցում էին միայն Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հրավիրված պետական պաշտոնյաները և դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչները:
«Թող իրենց քառասունքն անեն… Նրանց արածն անդաստիարակություն է», — ակտիվիստների ակցիա-պերֆորմանսը այս կերպ է գնահատում Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն:
Գիորգաձեն «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է, որ բյուջեի պլանավորման ընթացքում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ է անցկացրել։
Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեն կազմում է 44 384 900 լարի, որից 33 423 100 լարին տեղական ինքնակառավարման միջոցներն են, իսկ պետական բյուջեից ստացվածը` 10 961 800 լարի: