2020 թվականի ավարտին մնացել են հաշված ժամեր: «Ալիք Մեդիան» առաջարկում է վերհիշել անցնող տարում Վրաստանի ամենակարևոր իրադարձությունները:
- Վրաստանում 2020 թվականի հունվարի 1-ից ավելացավ սոցիալական փաթեթն ու կենսաթոշակը: Շուրջ 114 հազար սահմանափակ կարողությունների տեր անձանց թոշակն ավելացավ 20 լարիով: Նույն չափով ավելացավ նաև ընդհանուր կենսաթոշակը:
- Փետրվարի 26-ին Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակը հաստատվել էր Վրաստանի քաղաքացու մոտ, որը Ադրբեջանից էր մուտք գործել Վրաստան: Դեպքից հետո Մառնեուլի քաղաքը, հետագայում՝ ողջ երկիկրը, հայտնվեց խիստ կարանտինում:
- Մարտի 8-ին Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը երկարատև բանակցություններից հետո կարողացան համաձայնության հասնել: ԱՄՆ դեսպանատանը կողմերը ստորագրեցին համապատասխան փաստաթուղթ՝ խորհրդարանական ընտրությունները 120/30 մոդելով անցկացման վերաբերյալ:
- Մարտի 21-ին Վրաստանում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով, արտակարգ դրություն սահմանվեց: Երկրում փակվեցին գրեթե բոլոր հաստատությունները, արգելվեց օտարեկրացիների մուտքը Վրաստան:
- Ապրիլ ամսվա ընթացքում Վրաստանում զատկական տոներին ընդառաջ արգելվեց նաև ավտոմեքենաների տեղաշարժը ողջ երկրի մասշտաբով: Այնուհետև առաջին անգամ խոսվեց որոշ սահմանափակումներ հանելու մասին, կառավարությունը ներկայացրեց հակաճգնաժամային ծրագիր, ինչպես նաև երկարաձգեց արտակարգ դրությունը մինչև մայիս:
- Վրաստանում մեկ տարում չորս աղմկահարույց գործ է բացվել, որոնց հետ կապված ուժայիններն այդպես էլ չկարողացան վերջնական բացատրություն տալ ու փակել գործերը: Երիտասարդ ֆուտբոլիստի սպանությունը, ծրագրավորող աղջկա «ինքնասպանության» տարօրինակ հանգամանքները, ուժայինների կողմից հարցաքննման հետևանքով ՆԳՆ-ի բաժանմունքից նետված ու ինքնասպանություն գործած դեռահասի գործը, ինչպես նաև Դավիթ Գարեջիի տարածքի մասն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն ձեռք բերելու մեղադրանքով մինչ այս պահը ձերբակալված անձանց գործը (վերջիններս իրենցմեղքը չեն ընդունել): Ուժայինների անգործության ու պետական մանիպուլյացիաների դեմ բողոքով բազմաթիվ ցույցեր են անցկացվել:
- Կորոնավիրուսի պայմաններում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ ամռանը. Գավրիլովի գիշերվանից ուղիղ մեկ տարի անց՝ հունիսի 20-ին, Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցավ ցույց՝ դիմակներով ու երկու մետր սոցիալական հեռավորությամբ:
- Հուլիսին բուհերի ընդունելության քննություններ անցկացվեցին՝ նոր կանոնակարգով ու սահմանափակումներով: Բարձր ջերմություն ունենալու պատճառով որոշ դիմորդներ զրկվեցին համալսարան ընդունվելու հնարավորությունից:
- Ամռանը հաջողվեց որպես կորոնավիրուսի առաջին ալիքը հաղթահարած երկիր զբոսաշրջիկներ ընդունել, ինչպես նաև աշխուժացնել ներքին տուրիզմը Վրաստանում: Ծովափնյա քաղաքներում սովորականից ոչ պակաս ակտիվություն էր արձանագրվում, ինչն էլ հետագայում՝ ամռան ավարտին դարձավ կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պատճառ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ միջազգային դիտորդները ևս կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, սակայն ընտրությունների շեմին կորոնավիրուսի բարձր վիճակագրության պատճառով, դիտորդները Վրաստան չժամանեցին:
- Հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Ընտրական շեմը հաղթահարեց 9 քաղաքական ուժ: «Վրացական երազանք» կուսակցությունը 3-րդ ժամկետով երկիրը կառավարելու հնարավորություն ստացավ: Ընդդիմությունը, սակայն, չճանաչեց ընտրությունների արդյունքները՝ նշելով որ դրանք ամբողջությամբ կեղծված են:
- Նոյեմբերին Վրաստանում կորոնավիրուսի տարածումը նոր թափ հավաքեց: Օրական վարակված դեպքերի քանակը մի քանի օր շարունակ գերազանցում էր 5 հազարը: Կառավարությունը նոյեմբերի վերջից նորից մի շարք սահմանափակումներ մտցրեց ուժի մեջ:
- Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականները 2020 թվականին Ազգերի լիգայի շրջանակներում անցկացրին 2 պաշտոնական հանդիպում: Առաջին հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ Թբիլիսիում կայացած հանդիպմանը Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Հայաստանին:
- Դեկտեմբերի 8-ին Վրաստան մուտք գործեց թուրքական բեռնատար գնացքը, որը Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի միջոցով հասավ Չինաստան: Սա առաջին դեպքն էր, երբ այս երկաթուղու միջոցով Վրաստանը ոչ միայն չինական արտահանում էր իրականացնում, այլ նաև բեռներ էչ արտահանում Չինաստանի ուղղությամբ:
- Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որին մասնակցում էր միայն «Վրացական երազանքը»: «Միակուսակցական խորհրդարան» — այս անվանումով իշխող թիմը ձևավորեց կառավարություն, հաստատեց 2021 թվականի բյուջեն:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։