Այս տարվա ընթացքում Վրաստանը նախատեսում է 144 մլն խմ ռուսական գազ ներմուծել: Հիշյալ թիվը կազմում է ընդհանուր ներկրվող գազի 5,5 տոկոսը: Բնական գազի մնացած մասը Վրաստանի համար կապահովի Ադրբեջանը:
2019-ի բնական գազի հաշվեկշռում փոփոխությունները մայիսի 21-ին հաստատել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Վրաստանի և ռուսական «Գազպրոմի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել դեռևս այս տարվա ձմռանը: Ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարեց, որ «Գազպրոմի» հետ պայմանագիրն արդեն կնքված է, Վրաստանը փոքր քանակով գազ կգնի:
Վրաստանի կառավարության տեղեկատվությամբ, նոր ձեռք բերված պայմանագրի համաձայն բարելավվել են ինչպես դեպի Հայաստան գազի տարանցման պայմանները, այնպես էլ ռուսական գազի գինը:
Հիշեցնենք՝ 2017-ից Վրաստանը տարանցիկ գազի 10 տոկոսի փոխարեն ֆինանսական փոխհատուցում է ստանում: Ինչպես հայտնի է, գումարային փոխհատուցումը ավելի պակաս է, քան այն բնական գազի արժեքը, որը երկիրը ստանում էր անվճար: