2018 թվականից Վրաստանի հանրակրթական դպրոցներում կփոխվեն առաջինից վեցերորդ դասարանների բոլոր դասագրքերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիան: Փոխանցում է «interpressnews.ge»-ն:
Մուրղուլիայի խոսքերով, փոփոխության անհրաժեշտությունը առաջացել է ներկայիս դասագրքերի դժվարության պատճառով: Փոխնախարարը չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ փոփոխություններ են սպասվում նոր դասագրքերում:
«Փոփոխությունները կորոշեն հեղինակները: Ազգային կրթական ծրագիրը սահմանում է կրթական ծրագրի պահանջները, որոնք բավականին շատ են: Ամբողջովին կփոխվեն առաջինից վեցերորդ դասարանների դասագրքերը: Այդ տարիքում սովորելը տանջանք չպետք է լինի: Ցածր դասարաններում կրթությունը խաղի միջոցով պետք է մատուցվի: Բարձր դասարաններում ունենք հակառակ պատկերը, նրանց մոտ պետք է զարգացնել վերլուծական ունակությունները: Մի բան է իմանալ, թե որ թվականին է եղել Դիդգորիի ճակատամարտը, մեկ ուրիշ բան, թե որոնք են եղել դրա պատճառները»,- ասել է Մուրղուլիան: