
Վրաստանի կենտրոնական բանկը հրապարակել է երկրի ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի 2018թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում օտարերկրացի այցելուները Վրաստանում 800 մլն․ դոլար են ծախսել: Սա 28 տոկոսով գերակշռում է 2017թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս ընթացքում Վրաստանում է գտնվել 2 մլն․ այցելու, որոնցից 937 հազարը մնացել է 24 ժամից ավելի: Միջազգային չափորոշիչների համաձայն, զբոսաշրջիկ են համարվում հենց այն այցելուները, որոնք 24 ժամից ավելի ժամանակ են անցկացնում երկրում և օգտվում են երկրի ծառայություններից:
2017- ին 25 տոկոսով աճել է զբոսաշրջային եկամուտը՝ հասնելով 2,75 մլրդ․ դոլարի: Եթե այս աճը շարունակվի նույն տեմպերով, 2018թ․, հավանաբար, օտարերկրացի այցելուները երկրում կթողնեն մոտ 3 մլրդ դոլար: