«2017 թվականին բացառության կարգով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 4 հազար 464 մարդ: Քաղաքացիություն ստացած անձանց թիվը մոտավորապես նույնն է եղել նաև 2014, 2015 և 2016 թվականներին»,- այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ խորհրդարանի սփյուռքի հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում: Նախարարը նիստի ընթացքում ներկայացրել է 2013-2017 թվականներին պետական ծառայությունների ոլորտում իրականացված բարեփոխումները:
Վրաստանի ներկայիս օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն կարող է շնորհել միայն երկրի նախագահը՝ արդարադատության նախարարութան պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից ստեղծված հանձնաժողովի օգնությամբ: Նախագահը կարող է միանձնյա որոշում կայացնել, սակայն այդ մասին պետք է տեղեկացնի հանձնաժողովին:
Նախարարի խոսքերով՝ վերջին 4 տարիների ընթացքում քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել ավելի քան 32 հազար մարդ, որոնցից 23 հազարը դրական պատասխան է ստացել:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն կարելի է ստանալ հեշտացված կամ սովորական կարգով:
Օտարերկրյա քաղաքացին Վրաստանի քաղաքացիություն սովորական կարգով կարող է ստանալ, եթե նա Վրաստանում ապրում է ավելի քան 5 տարի, տիրապետում է վրացերենին, աշխատում է կամ երկրում սեփականություն ունի:
Ինչ վերաբերում է հեշտացված կարգին, ապա դա տրվում է, եթե օտարերկրացին ամուսնացած է Վրաստանի քաղաքացու հետ և ապրում է Վրաստանում ավելի քան 2 տարի:
Տեղեկացնում է newsgeorgia.ge լրատվականը: