Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակի (OFPRA) տեղեկատվությամբ, 2017 թվականին Ֆրանսիայում ապաստան է խնդրել Վրաստանի 1542 քաղաքացի, ինչը նախորդ տարվա համեմատությամբ երկու անգամ ավելի է: Նախորդ տարի ապաստան հայցածների թիվը 940 էր:
Ապաստան հայցողների վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացվում են ամենամյա զեկույցում:
Գործակալության տեղեկատվությամբ՝ ապաստան փնտրողները հիմնական պատճառ են նշում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների քաղաքական հետապնդումը, ինչն ըստ ակտիվիստների՝ սկսվել է «Վրացական Երազանք»-ի իշխանության գալուց հետո:
«Պատճառների թվում նշվում են նաև հակամարտությունները, օկուպացիոն ուժերի գործողությունները, սեռական հալածանքները, ընտանեկան բռնությունը և այլն: Ավելացել են նաև քաղաքական ուժերի իրավախախտումներից դժգոհող գործարարների դիմումները»,- նշված է զեկույցում: