Գերմանական հեռահաղորդակցական ընկերությունը Վրաստանին օգնում է ` ազգաբնակչությանը գերարագ ինտերնետ հասցնելու գործում:
Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի հատուկ ենթակառուցվածքների շնորհիվ Վրաստանի 2 հազար բնակելի տարածքներին գերարագ ինտերնետ մատակարարվի:
Գերմանական տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների «Դետեկոն » ընկերությունը աջակցում է Վրաստանին «գերարագ ինտերնետ բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Ըստ կազմակերպության տարածած տեղեկատվության` ծրագրի ավարտին Վրաստանի բնակչության 91 տոկոսը կարող է օգտվել համացանցից:
«Գերմանական «Դետեկոն» կազմակերպության խորհրդատվության շնորհիվ մենք ունենք իդեալական ցանց : Սա մի յուրահատուկ ծրագիր է, որի շնորհիվ կարող ենք ունենալ ամբողջական ու արդյունավետ ցանց` նվազագույն ռեսուրսներով»,- Հայտարարել է Տնտեսության նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Նախարարի հայտարարության համաձայն` համապատասխան դաշտը ձևավորելուց հետո, պետությունը դուրս կգա նախագծից և այլևս չի միջամտի ինտերնետ բիզնեսին: Սպառողները կվճարեն սպասարկման վճար ինտերնետ ապահովող ընկերություններին:
Հիշեցնենք` բնակչությանը ինտերնետ ապահովելու նպատակով Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ «գերարագ ինտերնետ բոլորի համար» ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունվարին:
Այս նպատակով կառավարությունը դիմել է մասնավոր հատվածին: Այն ժամանակ ծրագրի իրականացման համար պահանջվել է 150 միլիոն դոլար, և ոչ մի կազմակերպություն չի համաձայնել իրականացնել այն: Տեղեկացնում է «agenda.ge»- ն:
Ծրագիրը կավարտվի 24 ամսվա ընթացքում , և 2017 թվականի վերջին Վրաստանը կունենա գերարագ ինտերնետ:
Ներկայիս տվյալներով` Վրաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 40 տոկոսը: «Գերարագ իտերնետ բոլորի համար» ծրագրի իրականացման արդյունքում ինտերնետը հասանելի կլինի Վրաստանի շուրջ 2000 գյուղի բնակիչներին: Արդյունքում ազգաբնակչության 91 տոկոսը կունենա ինտերնետ: