«2016թ․-ը դիվանագիտական ձեռքբերումների տարի էր»,- այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսիում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն։ Նրա խոսքով, անցնող տարին պատմության մեջ կմնա Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր փուլի մեկնարկով:
«ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը ամբողջությամբ ուժի մեջ մտավ հուլիս ամսվա ընթացքում: Եվրաինտեգրումը մեր երկրի ապագան է, մեր երկրի ազատության եւ բարեկեցության երաշխիքը, ինչպես նաեւ մեր տարածքային ամբողջականության վերականգնման, հաշտեցման ու հակամարտության խաղաղ կարգավորման խթանը»,- հայտարարել է Ջանելիձեն: Վերջինս ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից Վրաստանը շարունակում է աշխատանքներ տանել արտաքին քաղաքական տարբեր ուղղություններով:
«Առաջին հերթին պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք կառուցողական մասնակցությունը Ժնեւի (Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցով-խմբ․) բանակացություններում: Պարբերաբար ընթացող այս քննարկումները բավականին բարդ են: Հիմնական հարցերի վերաբերյալ առաջընթաց դեռևս չի արձանագրվել։ Օրակարգում գտնվող հարցերի շուրջ համաձայնություն չկա Ռուսաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով»,-ասել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն: