Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում բնակվող հայազգի նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը Հայաստանում անցկացվող «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնի հատուկ մրցանակակիրն է դարձել։
Երևանում հունիսի 8-19֊ն արդեն հինգերորդ անգամ անցկացված փառատոնին մասնակցելու շուրջ 500 երիտասարդ է դիմել Հայաստանից և արտասահմանից, որոնցից ընտրվել են լավագույն 60 աշխատանքները՝ արվեստի 10-ից ավելի ուղղություններում՝ թատերարվեստ, կինո, նորաձևություն, կերպարվեստ և այլն։
Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:
Երեկ՝ հունիսի 19-ին, փառատոնի փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ, փառատոնի ժյուրիի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ, բեմանկարիչ Աշոտ Համբարձումյանը հայտարարեց, թե աննախադեպ մրցանակ ունեն, որը հանձնվելու է Վրաստանի ներկայացուցչին։
«Հատուկ ոլորտ ենք ընտրել, ունենք Վրաստանից ներկայացուցիչ՝ Արմեն Հովհաննիսյանը, որը շատ հետաքրքիր տիկնիկներ է ներկայացրել։ Ինչպես գիտեք, Երևանում արդեն գործում է տիկնիկների թանգարան և մենք որոշեցինք այս ոլորտին խթանելու համար առանձնացնել այս մրցանակը»,֊ասաց Համբարձումյանը՝ բեմ հրավիրելով Արմեն Հովհաննիսյանին։
Վրաստանաբնակ Արմեն Հովհաննիսյանն էլ խորին շնորհակալություն հայտնեց «ԱՐՏ ՖԵՍՏ»֊ի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։
«Մի բան է գնահատվել հայրենիքից դուրս՝ օտար երկրների արվեստագետների կողմից` այլ հաճույք է, երբ գնահատվում ես հայրենիքում՝ հայրենակիցների կողմից»,֊ասաց Հովհաննիսյանը։
Արդեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում Հովհաննիսյանն անկեղծացավ՝ նշելով, թե չէր պատկերացնում, որ նման մրցանակի կարժանանա։ Ի դեպ, վերջին մեկ ամսվա ընթացքում Հովհաննիսյանն արդեն երկրորդ անգամն է ներկայանում հայրենիքում։ Մայիսի վերջին էլ Երևանի նորաբաց տիկնիկների թանգարանում Հովհաննիսյանի անհատական ցուցադրությունն էր տեղի ունեցել, որի ժամանակ սփյուռքի նախարարի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով։
«Այս փառատոնին մասնակցելու հրավերը ստացել եմ փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանից՝ դեռ նախքան իմ անհատական ցուցահանդեսն այստեղ, ցուցահանդեսն անգամ պլաններում էլ չկար, սակայն երբ առիթ եղավ տիկնիկների թանգարանում ներկայանալու, իրենք եկան ու թեև պետք է ընտրվեին 3-4 գործ, սակայն ընտրվեց 6 աշխատանք»,֊ասում է Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընտրված տիկնիկների շարքերում է նաև հայտնի ու արդեն մի քանի մրցանակների արժանացած Փարաջանովի տիկնիկը, «Աշխարհը կնոջ աչքերով» ու «Թիֆլիսյան կինտոն» տիկնիկները։
«Հաճելի է, որ հայրենիքում ես ներկայանում ու գնահատվում ես հայրենակիցների կողմից։ Երկորորդ կարևոր միջոցառումն էր հայրենիքում, գոնե մասնակցությունն ինձ համար կարևոր էր, չգիտեի, որ մրցանակակիր եմ լինելու, անգամ չեմ կարողացել գալ ցուցադրության օրը, նույնիսկ երբ գրեցին, որ անպայման պետք է ներկայանամ մրցանակաբաշխությանը, միևնույն է չէի պատկերացնում, որ տիկնիկագործությունը Հայաստանում այսպես առանձին կիրառական արվեստի ճյուղ կներկայացվի և մրցանակակիր կդառնամ»,֊ասում է տիկնիկագործը։
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ նշեց, որ պատրաստվում են ցուցադրություն անցկացնել Ախալցիխեում, բացի այդ, արդեն մյուս ամիս Թբիլիսիում կբացվի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանը, որտեղ Արմենի տիկնիկները հայերենով կներկայացնեն Թումանյանի հեքիաթները։