2008-ին Վրաստանն առաջ էր Ուկրաինայից. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում նամակ է հրապարակել և պատասխանել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դիմիտրո Կուլեբայի տարածած տեղեկատվությանը։

Ի դեպ, Կուլեբան գրել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կոնսենսուսի են եկել՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը (Membership Action Plan-MAP) Ուկրաինայի անդամակցության ճանապարհից հեռացնելու վերաբերյալ:

«ՆԱՏՕ-ն Ուկրաինայից հանել է MAP հարցումը, ինչը նշանակում է անդամակցության արագացված ընթացակարգ։ Չորս խոշոր պետություններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այժմ անվտանգության երաշխիքներ են տալիս Ուկրաինային, սակայն 2008 թվականին Վրաստանն առաջ էր Ուկրաինայից»,- գրել է Սաակաշվիլին։

Անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP) մշակվել է 1999 թվականին Վաշինգտոնի գագաթնաժողովում, որն օգնում է դաշինքին միանալ ցանկացող երկրներին նախապատրաստվել հնարավոր անդամակցությանը: Դա ժամանակին գրված բարեփոխումների ծրագիր է, որի կատարման դեպքում և դաշինքի անդամ երկրների քաղաքական որոշմամբ երկիրը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ։