Իշխող «Վրացական երազանքի» անդամ Իրակլի Քադագիշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարության ներկայացուցչության ժամանումը Կիև կապված է անվտանգային ռիսկերի հետ։
Նա նշել է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ, երբ օտար երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ժամանեց Թբիլիսի, կրակն արդեն դադարեցված էր։
«Թե կոնկրետ ինչպիսին կլինի իրավիճակը Կիևում և հնարավո՞ր է այնտեղ հասնել, թե ոչ, դա, հավանաբար, առանձին խնդիր է։ Առաջին հերթին ես կբարձրացնեի անվտանգության հարցը, քանի որ երբ 2008-ին օտարերկրյա առաջնորդները ժամանեցին Վրաստան, արդեն հրադադար էր, և անվտանգության միջոցառումները երաշխավորվեցին։
Այսօր մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում հրադադար չկա, պարզապես խաղաղության միջանցքներ են բացվում։ Ընդհանուր առմամբ, ամբողջ տարածքը, հատկապես Կիևը և արևելյան Ուկրաինան, ռազմական գործողությունների գոտի են»,- ասել է Քադագիշվիլին։
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 12-ին Էստոնիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները, ինչպես նաև Լատվիայի վարչապետը ժամանել էին Թբիլիսի՝ իրենց երկրների աջակցությունը հայտնելու Վրաստանին։
Հավելենք՝ պատերազմական այս օրերին Կիև են ժամանել Լեհաստանի, Սլովենիայի եւ Չեխիայի վարչապետները։