2007-ի նոյեմբերյան իրադարձություններն ու այսօրվա իրողությունները

Վրաստանում նոյեմբերի վերջ մեկնարկած եվրոպամետ ցույցերի ֆոնին հաճախակի են դարձել 2007 թվականի նոյեմբերյան իրադարձությունների, մասնավորապես նոյեմբերի 7-ի ցույցը սաստիկ ցրելու մասին շահարկումները՝ որպես «‎արդարացում» այժմյան ցույցերին ու հատուկջոկատայինների կիրառած ագրեսիայի։

2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ եվրաինտեգրումը մինչև 2028 թվակնն օրակարգից հանելու մասին հայտարարությունը փողոց դուրս բերեց հազարավոր քաղաքացիների․ մայրաքաղաքում և շրջաններում սկսվեցին բազմահազարանոց եվրոպամետ ցույցեր։

Առաջին երեք օրերն առանձնացան ցուցարարների, այդ թվում լրագրողների դեմ բիրտ ուժի կիրառմամբ, հարյուրավոր մասնակիցներ բերման ենթարկվեցին։

Այս ամենի ֆոնին աշխարհի տարբեր երկրներ սկսեցին պատժամիջոցներ մշակել Վրաստանի իշխանությունների նկատմամբ։ Կասեցվեց եվրանդամակցության գործընթացը, դադարեցվեց 2009 -ին մեկնարկած Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը։

2007 թվականի նոյեմբերի 7-ի  շահարկման առիթով ներկայացնում ենք 17 տարի առաջ ծավալված իրադարձությունները, որոնք մասսայական արձագանք գտան ինչպես վրաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։

2007 թվականի նոյեմբերի 7-ին՝ Սաակաշվիլիի իշխանության օրոք, ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ցույցը ցրելու համար ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, մահակներ և ռետինե փամփուշտ, իսկ օրվա վերջում ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատը գրոհեց ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերություն։

Այդ իրադարձություններն ի վերջո հանգեցրին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականին, արտակարգ դրության հայտարարվեց, արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին։

Ի՞նչն էր բողոքի պատճառը

2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձություններին նախորդում էր նույն թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած քաղաքական ճգնաժամը։

Պաշտպանության նախկին նախարար, Սաակաշվիլիի երբեմնի զինակից Իրակլի Օքրուաշվիլին նախագահ Սաակաշվիլիին մեղադրեց հակապետական ​​քայլերի մեջ՝ հայտարարելով նոր քաղաքական ուժի՝ «Շարժում դեպի միասնական Վրաստան» կուսակցության ստեղծման մասին։ Օրեր անց Օքրուաշվիլին ձերբակալվեց շորթման, փողերի լվացման, լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, ինչը բողոքարկելու համար հազարավոր մարդիկ հավաքվեցին խորհրդարանի առաջ։

Հատկանշական է, որ արդեն հոկտեմբերի սկզբին Օքրուաշվիլին դատախազության հրապարակած տեսանյութում հերքեց Սաակաշվիլիի դեմ իր հայտարարությունները՝ նշելով, թե մեղադրանքները նպատակ ունեին «քաղաքական դիվիդենտներ ստանալ» իր և Բադրի Պատարկացիշվիլիի (Սաակաշվիլիի դեմ դուրս եկած գործարար, որն այդ դեպքերից ամիսներ անց (2008 -ի փետրվարին) մահացավ Լոնդոնում, խմբ․) համար։ Պատարկացիշվիլին, հիշեցնենք, ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատերն էր։

Հոկտեմբերի 17-ին տասը ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած միասնական ժողովրդավարական շարժման ազգային խորհուրդը հրապարակեց 12 կետից բաղկացած մանիֆեստ, որի կետերից մեկի համաձայն՝ միավորված ընդդիմությունը ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում էր 2008 թվականի գարնանն արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման մեջ։ Նոյեմբերի 2-ին, խորհրդարանի դիմաց մեկնարկեց բողոքի մեծամասշտաբ ակցիան։

Հարկ է նշել, որ հոկտեմբերին ցույցեր էին ընթանում նաև Վրաստանի տարբեր քաղաքներում։

Նոյեմբերի 3-ին ակցիայի մասնակիցների պահանջներին ավելացավ նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը, որից Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հրաժարվեց։

Նա հայտարարեց, որ ցույցերը ժողովրդավարության մասն են, և օլիգարխիկ ռուսական ուժերը լոբբինգ են անում Վրաստանում անկարգությունների համար՝ Ռուսաստանում ընտրություններին ընդառաջ։ Սաակաշվիլին հայտարարեց, որ հետագա նախագահական ընտրությունները կանցկացվեն աշնանը՝ ըստ Սահմանադրության։

Նոյեմբերի 5-ին պատգամավոր Լևան Գաչեչիլաձեն, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին, «Մենք ինքներս» կուսակցության առաջնորդ Պաատա Դավիթաիան և Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախկին անդամ Բիձինա Գեգիձեն հայտարարեցին, որ սկսում են հացադուլ։

Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին նոյեմբերի 5-ին Մյունխենից տված հարցազրույցում ներողություն խնդրեց ժողովրդից անազատության մեջ արած հայտարարություններով նրանց «հիասթափեցնելու» համար՝ ասելով, որ բանտում իրեն ստիպել էին։ Նա Մյունխենից նախագահ Սաակաշվիլիին կրկին մեղադրեց կոռումպացվածության մեջ։

Նոյեմբերի 5-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սաակաշվիլիի հայտարարությունը ռուսական միջամտության մասին «ֆարս» անվանեց, որին Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին պատասխանեց՝ Ռուսաստանին կոչ անելով զերծ մնալ Վրաստանի ներքին գործերին միջամտելուց։

Նոյեմբերի 6-ին ընդդիմությունը հայտարարեց, որ պատրաստվում է վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի դիմաց՝ հացադուլ հայտարարած քաղաքացիների համար, ովքեր անձրևոտ եղանակին ստիպված էին մնալ դրսում։

Նոյեմբերի 7

Առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, իրավապահներն սկսեցին ցրել խորհրդարանի առջև շարունակվող բողոքի ակցիան, մի շարք մասնակիցներ բերման ենթարկվեցին։ Ոստիկանները մահակներով բիրտ ուժ էին կիրառում ցուցարարների դեմ, ովքեր փորձում էին փակել Ռուսթավելի պողոտան: Տեղում մոբիլիզացված էին հարյուրավոր ոստիկաններ։

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի «Ռիկղեի» այգի։ Ոստիկանական ուժերը հետապնդում էին ցուցարարներին, իրադարձությունների էպիկենտրոնը «Ռիկղեի» այգին էր։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ցույցերի ցրման, տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տուժել է 508 մարդ։

Նոյեմբերի 7-ի երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին հեռուստատեսությամբ դիմեց քաղաքացիներին՝ շեշտելով, թե ընդդիմությունը կառավարվում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ փորձելով արդարացնել ոստիկանության գործողությունները։ Նույն օրը դիմակավորված անձինք ներխուժեցին «Իմեդի» հեռուստաընկերություն, ավերեցին ստուդիաները և ոչնչացրեցին տեխնիկան։

Նույն օրը նախագահը Թբիլիսիում 15-օրյա արտակարգ դրություն հայտարարեց, ինչը ենթադրում էր ցույցերի ժամանակավոր սահմանափակում։ Արտակարգ դրությունը շարունակվեց մինչև նոյեմբերի 16-ի ժամը 19։00-ը։ Արդյունքում, նոյեմբերի 25-ին ժողովրդավար առաջնորդի համբավը կորցրած Սաակաշվիլին հրաժարական տվեց, 2008-ի հունվարին տեղի ունեցած վիճելի ընտրություններում հաղթող ճանաչվեց:

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան