2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերից անցել է 15 տարի։
2003-ի Վարդերի հեղափոխությունից 4 տարի անց` 2007 թվականի նոյեմբերը Վրաստանում քաղաքական ճգնաժամի շրջան էր: Թբիլիսիում նոյեմբերի 3-ից սկիզբ առած բողոքի ցույցերի բարձրակետը դարձավ այսօրը` նոյեմբերի 7-ը:
Բողոքի ակցիաները, այն ժամանակվա ընդդիմադիր կուսակցության առաջնորդների հետ միասին, ցրեց ոստիկանությունը` հատուկ միջոցների, այդ թվում` արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և ջրցան մեքենաների կիրառմամբ: Հարձակվեցին նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի վրա. հեռուստատեսությունը ստիպված եղավ դադարեցնել եթերը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու նպատակով, նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարեց: 2008-ի հունվարին տեղի ունեցած վիճելի ընտրություններում Սաակաշվիլին հաղթող ճանաչվեց:
14 տարի է անցել 2007 թվականի նոյեմբերի 7-ից: Քաղաքական գործիչներից ոմանք այսօր էլ դատապարտում են բռնությունը, ոմանք ներողություն են խնդրում, ոմանք էլ մինչ օրս պահանջում են պատժել մեղավորներին:
Նոյեմբերի 7-ին հանրահավաքը ցրելու և «Տելեիմեդի» ներխուժելու գործով մեղադրվում են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Դավիթ Կեզերաշվիլին և Վանո Մերաբիշվիլին։
Ժամանակագրություն
7 նոյեմբերի, 2006 թ.
Պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հրաժարական տվեց՝ չնշելով այդ որոշման պատճառը: Ի դեպ, լուրը տարածվեց Օքրուաշվիլիի հրաժարականից մեկ շաբաթ անց: Իրակլի Օքրուաշվիլին հրաժարականից մի քանի օր անց` նոյեմբերի 10-ին նշանակվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Խոսելով նոյեմբերի 10-ին կառավարության փոփոխության պատճառների մասին՝ Միխեիլ Սաակաշվիլին ասաց, որ Օքրուաշվիլիի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու պատճառը եղել է ռուսական ագրեսիան: Ըստ նրա, հենց վրացական տնտեսությունն է, որ դարձել է Կրեմլի թիրախը:
Այս շրջանի ընդդիմադիր քաղաքական գործիչները և փորձագետները նշում էին, որ Օքրուաշվիլիի` պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու հիմնական պատճառը Հարավային Օսիայի անդամակցության ժամկետի վերաբերյալ արմատական հայտարարություններն էին: 2006-ի մայիսին Օքրուաշվիլին հայտարարել էր, որ հրաժարական կտա պաշտպանության նախարարի պաշտոնից, եթե Վրաստանը մինչև 2007 թվականի հունվարի 1-ը չկարողանա վերադարձնել ինքնահռչակ Հարավային Օսիան:
12 սեպտեմբերի, 2007 թ.
Շիդա Քարթլիում նախագահի ներկայացուցիչ (նահանգապետ) Միխեիլ Քարելին ազատվեց աշխատանքից: Որոշումը կայացրին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները այն բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին իրականացված հատուկ գործողությունը հանգեցրեց Գորիի նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` հենց նահանգապետի կալանավորմանը: Միխեիլ Քարելին փորձել էր ներխուժել Գորիի վարչակազմի շենք, սակայն հանդիպել էր ոստիկանության դիմադրությանը:
Քարելին հրապարակային քննադատության ենթարկեց կառավարությանը` հայտարարելով, որ առաջիկա օրերին ինքը պատրաստվում էր հայտարարել իր որոշման մասին: Մինչ նահանգապետը պատրաստվում էր հրաժարական տալ, իշխանությունները որոշեցին աշխատանքից ազատել նրան: Միխեիլ Քարելին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վերջին դաշնակիցն էր, որը մինչ այդ իշխանության մեջ էր:
14 սեպտեմբերի, 2007 թ.
Երկու պատգամավոր՝ Թեո Տլաշաձեն և Քեթևան Մախարաշվիլին, որոնք նույնպես Իրակլի Օքրուաշվիլիի թիմից էին համարվում, հեռացան իշխող կուսակցությունից:
25 սեպտեմբերի, 2007 թ.
Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Դիմիտրի Քիտոշվիլին ձերբակալվեց շորթման մեղադրանքով: Նույն օրը պետեկամուտների ծառայությունը սկսեց հետաքննել Օքրուաշվիլիի մերձավոր ընկեր, գործարար Քիբար Խալվաշիի գործունեությունը: Այս ընթացքում Օքրուաշվիլին «Իմեդի»-ի եթերում հայտարարել էր, որ ստեղծելու է «Միասնական Վրաստանի համար» քաղաքական կուսակցությունը: Նա նախագահ Սաակաշվիլիին «հակապետական քայլեր կատարելու» և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը պատվիրելու համար էր մեղադրել:
27 սեպտեմբերի, 2007 թ.
Իրակլի Օքրուաշվիլիին ձերբակալեցին պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ յուրացման, փողերի լվացման, լիազորությունների չարաշահման և անփութության մեղադրանքով:
Ըստ այդ ժամանակվա գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիայի, ՊՆ-ի հետաքննության արդյունքում տասնյակ միլիոնավոր լարիի հափշտակություն և յուրացում էր բացահայտվել:
28 սեպտեմբերի, 2007 թ.
Հազարավոր մարդիկ հավաքվեցին Խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ազատել Օքրուաշվիլիին, արտահերթ ընտրությունները չեղարկել ու նախագահական կառավարումը վերացնել: 2003 թվականից հետո սա ամենալայնածավալ բողոքի ակցիան էր կառավարության քաղաքականության դեմ:
Միացյալ ազգային շարժման առաջնորդները ընդդիմությանը զսպվածության կոչ արեցին: Հավաքի կազմակերպիչները նշեցին, որ իրենք ցանկանում են «ազատվել» և «տապալել» Սաակաշվիլիի ռեժիմը:
29 սեպտեմբերի, 2007 թ.
Նախագահ Սաակաշվիլին այդ օրն առաջին անգամ խոսեց Օքրուաշվիլիի մասին՝ ասելով, որ վերջինիս մեղադրանքները կեղծ են: Նա նաև հայտարարեց, որ երկրում «անձեռնմխելի» մարդիկ չկան: Թեև ավելի ուշ Օքրուաշվիլին ժխտեց իր՝ Սաակաշվիլիի վերաբերյալ արած հայտարարությունները:
10 հոկտեմբերի, 2007 թ.
Գործարար Բադրի Պատարկացիշվիլին ներգրավվում է իշխող կուսակցության և ընդդիմության միջև բանակցություններում, այն բանից հետո, երբ Օքրուաշվիլին հերքեց իր մեղադրանքները: Պատարկացիշվիլին հայտարարում է, որ երկրում ծանր իրավիճակ է ստեղծվել եւ հնարավոր է, որ իրեն ստիպեն քաղաքականություն մտնել:
Հոկտեմբերի 17-18-ին բողոքի ցույցեր սկսվեցին Վրաստանի ողջ տարածքում: Լայնամասշտաբ հանրահավաքներ անցկացվեցին Զուգդիդիում, Քութայիսիում և Բաթումիում: Արդյունքում գործարար, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին ընդդիմությանը ֆինանսավորելու պատրաստակամություն հայտնեց, «քաղաքակիրթ» ցույցեր իրականացնելու նպատակով:
30 հոկտեմբերի, 2007թ.
Պատգամավոր Գիգա Բոկերիան Civil.Ge-ին հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ՝ ընտրությունների օրվա հետ կապված:
«Բողոքի ցույցեր կլինեն, և այս հանրահավաքները կավարտվեն, ինչպես յուրաքանչյուր հանրահավաք: Մեր հասարակությունը սովոր է բազմամարդ ցույցերի, որոնք ժողովրդավարության նորմալ մաս են կազմում», — հայտարարեց Բոկերիան:
Սահմանադրության համաձայն, նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին միաժամանակ 2008-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Նախագահը պետք է ընտրության հատուկ օր նշանակեր:
2 նոյեմբերի, 2007թ.
Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվում են խորհրդարանի առջև՝ ընդդիմության կազմակերպած հանրահավաքի համար: Այդ օրն ավելի ուշ ընդդիմության առաջնորդները հանդիպեցին խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Բուրջանաձեն ասաց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ ընտրությունների օրվա հետ կապված:
3 նոյեմբերի, 2007թ.
Հազարավոր մարդիկ կրկին հավաքվում են բողոքի ցույց անցկացնելու: Ընդդիմությունը հայտարարում է, որ նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը նրանց հիմնական պահանջն է: Հանրահավաքում հնչում են «Հեռացի՛ր», «Հրաժարվի՛ր» կարգախոսները:
4 նոյեմբերի, 2007թ.
Նախագահ Սաակաշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերից հայտարարում է.
- Բողոքի ցույցերը ժողովրդավարության մի մասն են, և դա նորմալ է,
- Ես լսում եմ այն ամենը, ինչի մասին խոսում են մարդիկ: Ես երկրի և յուրաքանչյուր անձի նախագահն եմ,
- Որոշ քաղաքական կուսակցությունների քաղաքական տեխնոլոգիաները շատ պարզ են. ստերի արդյունաբերություն է,
- Սա վարդերի հեղափոխությունը ընդօրինակելու եզակի և անտաղանդ փորձ է,
- Ռուսական օլիգարխիկ ուժերը լոբբինգ են անում Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների համար՝ Ռուսաստանի ընտրություններին ընդառաջ։
Սաակաշվիլիի եթերին հաջորդում է պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի` Մյունխենից ուղիղ հեռարձակումը, որով նա դիմում է Վրաստանի ժողովրդին՝ ասելով, որ ներողամիտ լինեն, եթե իրենց հուսախաբ է արել, և որ «բանտում ստիպել են սուտ ցուցմունք տալ»:
Քաղաքապետարանը արգելել էր նույնիսկ վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի առջև` այդտեղ հացադուլ անող ցուցարարների համար:
Նոյեմբերի 7-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, իրավապահները խորհրդարանի առջև բողոքի ցույցը ցրում են: Ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվում ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:
Վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարում է, որ անհրաժեշտ էր Ռուսթավելի պողոտան ազատել ցուցարարներից, և որ երկիրը կշարունակի գործել «բնականոն հունով»:
Մոտ 250 մարդ հիվանդանոցներ դիմեց այն բանից հետո, երբ իրավապահները Ռուսթավելի պողոտայում ցրեցին ցուցարարներին:
Վերոնշյալից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ռիկղե այգի, իսկ ընդդիմության առաջնորդները ցույցը վերսկսելու կոչ արեցին:
Հանրահավաքը բռնի ցրելուց հետո ՆԳՆ-ն հրապարակեց աուդիո և վիդեո կադրեր, որոնք թույլ տվեցին իշխանություններին հայտարարել, որ ընդդիմության որոշ առաջնորդներ համագործակցում են Ռուսաստանի հակահետախուզության ծառայության հետ, և որ նոյեմբերի 2-ի 150 հազարանոց ցույցից առաջ Կոնստանտինե Գամսախուրդիայի եղբայրը` Ցոտնե Գամսախուրդիան, հանդիպել էր Ռուսաստանի դեպանության ներկայացուցիչների հետ:
«Իմեդի» հեռուստաընկերության գրավումը
Նոյեմբերի 7-ի գիշերը դիմակավորված անձինք ներխուժում են ընդդիմադիր «Իմեդի» հեռուստաընկերություն՝ լրագրողներին ստիպում լքել տարածքն ու ոչնչացնում հեռուստաընկերության գույքի մի մասը: «Իմեդին» առժամանակ դադարեցնում է հեռարձակումը: Նույն օրը «Կավկասիա» հեռուստաընկերությունը նույնպես դադարեցնում է հեռարձակումը, երկրում արտակարգ դրություն է մտցվում:
16 նոյեմբերի, 2007թ.
9 օր անց` նոյեմբերի 16-ին արտակարգ դրությունը դադարեցվում է: «Կավկասիա» հեռուստաընկերությունը վերսկսում է հեռարձակումը, «Իմեդի»-ն` ոչ, հեռարձակման լիցենզիան դատական կարգով առգրավված լինելու պատճառով:
2012-ի իշխանափոխությունից հետո, Վրաստանի դատախազությունը հետաքննություն սկսեց 2007 թվականի նոյեմբերի 7-ի գործով՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու հիմքով: Հիմնական քննչական մարմինը նախկին պաշտոնյաներին, ներառյալ նախկին նախագահ Սաակաշվիլիին, մեղադրեց նոյեմբերի 7-ին կատարված մի շարք հանցագործությունների համար: Գործով քննիչները մեղադրեցին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վանո Մերաբիշվիլիին, Գիգի Ուգուլավային, Դավիթ Կեզերաշվիլիին և Զուրաբ Ադեիշվիլիին: