Վրաստանում նոյեմբերի 9-ից տեղաշարժման արգելն անտեսելու համար 2000 լարի (մոտ 600 դոլար) տուգանք է սահմանվել` ֆիզիկական անձանց համար, իրավաբանական անձանց համար` 10 հազար լարի:
Հիշեցնենք` Վրաստանի խոշոր քաղաքներում արգելվում է քաղաքացիների տեղաշարժը, խոսքն ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելու մասին է: Արգելքը ասհմանվում է անորոշ ժամանակով, չի տարածվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների վրա: Տեղաշարժի իրավունք կստանան նաև ռազմավարական նշանակության ու բժշկական կառույցների աշխատակիցները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, առաքման ծառայությունների համար ևս բացառություններ կարվեն:
Կառավարությունից արդեն հստակեցրել են` սա ոչ թե պարետային ժամ է, այլ հերթական տեղային սահմանափակում:
Որոշում է կայացվել նաև փակել պետական ու մասնավոր մանկապարտեզները: Մինչ այդ դպրոցներն էին անցել հեռավար ուսուցման: Սահմանափակումներով է գործելու նաև հանրային տրանսպորտը։ Մասնավորապես` վարորդները պարտավոր են լինելու հետևել, որ ավտոբուսում ու երթուղայինում կանգնած ուղևոր չլինի: Մետրոյում ևս ուղևորահոսքի վերահսկման որոշում է կայացվել:
Իշխանությունը չի բացառում, որ առաջիկայում հնարավոր են նաև նոր սահմանափակումներ:
Կորոնավիրուսի` երբեմնի կանաչ գոտի համարվող Վրաստանում վարակվածների ու վաակով պայմանավորված մահերի նորանոր ռեկորդային թվեր են հաստատվում. միայն վերջին 24 ժամում 2859 նոր դեպք է հաստատվել, որոնցից 18-ը` մահվան ելքով: