Առողջապահության նախարարության տվյալներով՝ ծնողները վաղվանից հնարավորություն կունենան գրանցվել հատուկ հարթակում՝ 200 լարի օգնություն ստանալու համար:
Ըստ տեղեկության՝ գրանցում պետք է կատարել daxmareba.moh.gov.ge կայքում, որը հասանելի կլինի օգոստոսի 15-ից:
Կայքը ակտիվանալուց հետո ծնողը պետք է կատարի գրանցում՝ լրացնելով հետևյալ տվյալները.
- երեխայի անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնական համար,
- ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն, անձնական համար,
- ծնողի կամ օրինական ներկայացուցչի անունով բանկային հաշվեհամար,
- հեռախոսահամար, որի վրա կուղարկվի կարճ հաղորդագրություն։
Նախարարության փոխանցմամբ՝ սոցիալական օգնությունը տրվում է երեխայի ծնողներից մեկի կամ իրավաբանական ներկայացուցչի կողմից երեխային էլեկտրոնային հարթակում գրանցելուց հետո: Ծնողները հնարավորություն կունենան իրենց հայտը գրանցել օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ի Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Վրաստանի մինչև 17 տարեկան քաղաքացիները ներառյալ պետությունից կստանան 200 լարիի միանվագ օգնություն:
Հարկ է նշել, որ Վրաստանում 880 հազար երեխա կա: