Վրաստանի կառավարության նոր որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվող պատվաստումները խրախուսելու նպատակով ներդրված 200-ական լարիի (մոտ 60 դոլար) խրախուսման ծրագրի շահառուների տարիքային շեմը նվազեցվել է։ Այսուհետ ծրագրից 60 տարեկանի փոխարեն կարող են օգտվել նաև 50 տարեկանից բարձր քաղաքացիները։
Ըստ այդմ՝ 200 լարիի միանվագ հավելավճար կտրվի 50-ից բարձր տարիքի այն քաղաքացիներին, ովքեր որևիցե պատվաստանյութի առաջին դոզայով կպատվաստվեն COVID-19 դեմ։
Թեև ծրագիրը նախատեսված էր մինչև դեկտեմբերի վերջ կատարվող պատվաստումների համար, սակայն Վրաստանի կառավարության համակարգող խորհրդի նոր որոշմամբ՝ ծրագիրը կերկարաձգվի ու հունվարին նույնպես պատվաստվողները կստանան խրախուսական գումարը։
Նշենք նաև, որ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ այս խրախուսական ծրագրից օգտվել է 92 110 մարդ։ Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 21-ի դրությամբ այդ նպատակով ծախսվել է 18 422 000 լարի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր