20-ից ավելի ցույց-երթ Թբիլիսիում

Այսօր` դեկտեմբերի 21-ին, եվրոպամետ ցույցերի 24-րդ օրը, Թբիլիսիում անցկացվել է ավելի քան 20 ցույց-երթ։ Բոլորը միավորվել են Ռուսթավելի պողոտայում` խորհրդարանի մոտ։

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ` Ռուսթավելիում այս պահին բազմամարդ ցույց է. ճանապարհը փակ է։

Երթեր են անցկացրել նաև Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի ժամանած քաղաքացիները։

Մեգրելները հավաքվել են՝ Թբիլիսիի պետական համալսարանի մոտ, սվանները՝ ֆիլհարմոնիայի մոտ, քարթլեցիները` Մզիուրի այգու մոտ, իմերեթցիները` Մարջանիշվիլիի հրապարակում, Ռաճայի բնակիչները` Վակեի այգու հարակից տարածքում, իսկ մեսխեցիների երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Քութայիսցիները երթին միացել են Ռեզո Գաբրիաձեի անվան թատրոնից, աջարացիները` Եվրոպայի հրապարակից, արագվելցիները` երթի  Բուկիայի այգուց։

Երթ է կազմակերպել նաև ISET-ը, Կախա Բենդուքիձեի համալսարանի կամպուսը՝ ուսանողների և դասախոսների հետ։ Տեղի է ունեցել նաև դասադուլ անող դասախոսների և ուսանողների առանձին երթ։ Նրանց երթի ընթացքում արգելափակվել են Թբիլիսիի Աղմաշենեբելի նրբանցքը և այլ փողոցներ ու պողոտաներ։

Դեկտեմբերի 21-ի համար առանձին երթեր են անցկացրել դաջվածքներ կատարողները, խաղացողները, պարողները, անշարժ գույքի գնահատողները, սոցիալական աշխատողները, ուսուցիչները և այլ ոլորտի մասնագետները։ Երթ են անցկացրել նաև նորաձևության ոլորտի ներկայացուցիչները։

Բողոքի երթի մասնակիցների հիմնական պահանջներն են` բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումն ու նոր ընտրությունների անցկացումը։

Արդեն երեք շաբաթից ավելի է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։