Շուրջ քսան տարվա դադարից հետո Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո (վրացերենով Կումուրդո) գյուղի աշակերտները հնարավորություն կունենան ուսում ստանալ հենց տիպային դպրոցում, գյուղի նախկին ակումբի շենքի փոխարեն։
Հունվարի 16-ին Ախալքալաքից շուրջ 9 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում տոնախմբությամբ բացվեց տարածաշրջանում եզակի հնարավորություններով նորակառույց դպրոցը, որի կառուցումը հնարավոր է դարձել ծնունդով ջավախքցի բարերարների շնորհիվ։ 1700 քառակուսի մետր տարածք զբաղեցնող շինությունը նախատեսված է շուրջ 400 աշակերտի համար։
Դպրոցն ունի միջազգային չափանիշներին համապատասխան լողավազան և ֆուտբոլի դաշտ:
Դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին նաև Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին, փոխնախարար Լիա Գիգաուրին, խորհրդարանի Հավլաբարից ընտրված պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ այլոք:
Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին իր խոսքում ազգային փոքրամասնությունների կրթության և ինտեգրացիայի հարցերն առաջնահերթ համարեց։
«Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր միջոցառումներ կիրականացնենք ամբողջ Վրաստանում և, իհարկե, այս հրաշալի դպրոցում: Մեր ցանկությունն է, որ գյուղերում դպրոցները դառնան կրթական, մշակութային կենտրոններ: Այնպես որ, մեծ հույս ունեմ, որ գյուղի բնակչությունը կներգրավվի այս հրաշալի դպրոցի կյանքում: Խորին շնորհակալություն եմ հայտնում ֆինանսավորողներին, որոնց օգնությամբ իրականացվել է այս ծրագիրը»,-հայտարարել է նախարարը։
Հանդիսավոր արարողության ժամանակ դպրոցի շինության ճարտարապետ Ռուբեն Եղիազարյանը ու շինարար Միսաք Կուրղինյանը Հայաստանի սփյուռքի նախարարության կողմից պարգևատրվեցին «Արշիլ Գորկի» մեդալով, իսկ բարերար Շուշիկ Մղդեսյանը՝ ոսկե մեդալով։
Հիշեցնենք, որ հայաբնակ Գումբուրդոն ամիսներ առաջ էր հայտնվել տեղի և հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյի բնակիչները փորձել էին գյուղի եկեղեցու տարածքում գտնվող վերաթաղված ոսկորների գերեզմանին խաչքար կանգնեցնել։ Ոստիկանությունը գյուղացիներին թույլ չէր տվել մտնել եկեղեցու բակ, ինչը վերածվել էր բախումների։ Ի դեպ` այդ ժամանակ դեպքի վայր ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարարի ուղղաթիռը կայանել էր հենց այս` դեռեւս կառուցվող դպրոցի ֆուտբոլի մարզադաշտի տարածքում։