«Ռուսթավի 2»-ի եթերում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան 2-րդ փուլից առաջ ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ է անում միավորվել։
Մելիայի խոսքով, այժմ կարևոր է, որ մյուս քաղաքական ուժերը միանան միավորված ընդդիմությանը։ Նրա խոսքով, հասարակությունն արդեն տեսել է առաջին փուլում միավորված ընդդիմության գրանցած արդյունքները:
«Մենք ականատես եղանք, թե ընդդիմադիր ուժերի միավորումն ինչպես հաղթանակ տարավ։ Այժմ, երբ մյուս ընդդիմադիր կուսակցությունները ևս կմիանան (նկատի ունի միացյալ ընդդիմությանը, խմբ․), դա ավելի կմեծացնի տվյալները», — ասել է Մելիան:
Մելիան ուղիղ եթերում անդրադարձել է Ախալքալաքիում տեղի ունեցող զարգացումներին՝ ի ցույց դնելով Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ID քարտը (անձը հաստատող վկայականը), որն ըստ նրա, գտնվել է դեպքի վայրում: Ըստ Մելիայի, սա ևս մեկ ապացույց է, որ Մկոյանի ընտանիքի անդամներն անձամբ են հարձակվել Ախալքալաքիում Գրիգոլ Վաշաձեի նախընտրական շտաբի վրա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքիի նախընտրական շտաբի վրա։