«Ալիք մեդիան» նոր վերլուծական հոդվածաշար է սկսում, որտեղ անդրադառնալու ենք 30 տարի առաջ Խորհրդային Վրաստանում` ԽՍՀՄ-ից անկախանալու նպատակով տեղի ունեցող գործընթացներին: Ի՞նչ հույսեր ունեին այդ շրջանի շարժման ղեկավարները, ինչպե՞ս էին ընկալում ժողովրդավարությունն ու ինչ էին մտածում ազատ շուկայական տնտեսության եւ նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ: Հոդվածաշարը գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեինն է, ով 80-ականների վերջերին հանդիսացել է ուսանողական շարժման առաջնորդներից:
Ընդհանրապես, համարվում է, որ 1988 թվականին մեծ գործընթացներ են սկսվել Խորհրդային կայսրության ողջ տարածքում: Ինչ խոսք, այստեղ ճշմարտություն կա: Դա մի մեծ, կեղծ, կոսմոպոլիտ նարատիվ էր փոփոխությունների մասին, որ զուգակցվում էր էթնիկ ազգայնականության նոր ալիքով:Ես, ընկերներիս հետ մեկտեղ դարձանք այս գործընթացի երիտասարդ մասնակիցները:
Ինչպես Հանա Արենդտն է գրում իր «Տոտալիտարիզմի ակնունքներում» գրքում, ժամանակակից, մոդեռն ազգային պետություն ունենալը բոլոր էթնիկ խմբերի երազանքը դարձավ: Հաշվի առնելով, որ պետականության ընկալումը ֆրանսիական հեղափոխությունից հետո արդեն «ազգի» վրա էր կառուցված և ոչ թե պետության, կամ որևէ ինքնիշխան սուբյեկտի` միապետի:Ելնելով նշվածից կարելի է պնդել, որ ողջ 20-րդ դարը էթնիկ ու կրոնական հատկանիշների ֆետիշացման ժամանակաշրջան էր: Նշվածը զուգորդվեց ի սկզբանե Հնդկաստանում և Աֆրիկայում սկիզբ առած ազատագրական պայքարը անգլիական և եվրոպական գաղութատիրության, իսկ ավելի ուշ` Խորհրդային կայսրությունում ռուսական իմպերիալիզմի դեմ: Այսուհանդերձ, 1988 թվականին սկսված ազգային շարժման նոր փուլը տարբերվող մեկ հատկանիշ ուներ. էթնոցենտրիկ տրամաբանությամբ «ազգային պետություն» ստեղծելու ցանկություն և դիմադրության միասնական ճակատ` ռուսական իմպերիալիզմի ոչնչացնող ուժի դեմ:
«Պերեստրոյկայի» հիմնական օրակարգը խորհրդային և ամերիկյան էլիտաների միջև լարվածության նվազեցումն էր: Սա գլոբալիզմի հաղթանակն էր էլիտաների մակարդակով ազգայնականության դրոշի ներքո: Ինքնստինքյան, շատ հետակրքիր է այս պարադոքսալ իրավիճակը, որը մեզ տվեց 1980-ական թվականները:
Գորբաչովն ու Շևարդնաձեն զբաղված էին Խորհրդային կայսրության վաճառքով, մինչդեռ երիտասարդները փորձում էին փախչել ԽՍՀՄ-ից` 1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ բոլոր նախկին հանրապետություններում տիրել էր քրեական օրակարգն ու աղքատությունը: Լենինի և Ստալինի կառուցած պետությունը չկարողացավ դիմանալ սպառող ազգայնականության կողմից առաջ քաշած մարտահրավերներին և ջինսերին, մաստակների ու «Մերսեդես բենց»-ի առաջ փլուզվեց` մնալով առանց գաղափարախոսական հակակշռի:
Հենց այս ժամանակ էին արթնանում էթնոցենտրիստական, ազգայնական գաղափարներն ու մեծ շովինիստական դիսկուրսը, որոնք «լիբերալ-ժողովրդավարության» պայմաններում դոմինանտ դերակատարություն ստանձնեցին, մինչդեռ կրոնական ֆունդամենտալիզմը դեռևս գերիշխող դիրք չուներ: Առաջին տեղում էր «ազգային անկախության գաղափարախոսությունը», որին մենք բոլորս հավատում էինք, եւ՛ գործնական, և՛ նյութական առումով:
Մի անգամ Զվիադ Գամսախուրդիան իմ ներկայությամբ շատ լավ պատասխանեց ֆրանսիացի մի լրագրողի հարցին. «Մեր ազգայնականությունը ոչինչով չի տարբերվում ֆրանսիական հեղափոխության գաղափարախոսությունից»: Իրականում, այն ինչի մեջ մեղադրում էին Գամսախուրդիային 80-ականների վերջին, ֆրանսիական «Patria» ազգայնականության հերթական տարբերակն էր: Դրանում չկային հատուկ վրացական էլեմենտներ: Ավելին, բոլոր «ազգային-ազատագրական շարժումները հենց ֆրանսիական մոդելի հիման վրա են եղել և սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Տեղի ունեցավ «ազգային-ազատագրական» շարժումների արտահանում` էքսպորտ Արևմուտքից դեպի Արևելք, ինչը` շարունակվում է մինչ օրս: Մոդելավորումն ու կառուցվածք սահմանելը տեղի էր ունենում գոյություն ունեցող արևմտյան մոդելների հիման վրա և այս հարցում` ըստ իս, Զվիադ Գամսախուրդիան ճիշտ էր` դրանք հատուկ օրիգինալ շարժումներ չէին: Ժողովուրդը այլևս չէր ցանկանում ապրել բռնապետական Խորհրդային միությունում և դրան տվեցին արևմտյալ մոդելավորում:Հանդուրժողականության և տրանսնացիոնալ գաղափարախոսության տարրերը 1980-ական թվականներին դեռևս առկա էին, չնայաց դրանք ի չիք էին դառնում: Այսպես օրինակ, լավ եմ հիշում, երբ Գիա Ճանտուրիան, վրաց ազգային-ազատագրական շարժման այլ ղեկավարների հետ մեկտեղ ելույթ էր ունենում հայտնի հայ այլախոհ Պարույր Հայրիկյանին ազատ արձակելու պահանջով: Կային նաեւ «Սախարովի և Էլենե Բուենրի» աջակցության խմբեր:
Ստեղծվեց համեմատաբար միջազգային` տրանսնացիոնալ կանաչների շարժում, սակայն դրանք հատվածային խմբեր էին: Արդյունքում բոլորը միևնույն է կուլ գնացին էթնոցենտրիստական նարատիվին, ընդ որում ոչ միայն Վրաստանում, այլեւ կայսրության բոլոր անկյուններում: Արդեն 88-ին ակնհայտ երեւում էին ազգայնականության և էթնոցենտրիզմի վտանգավոր կոնտուրները եւ, որ ամենակարևորն է, չէր նշմարվում նոր տիպի շովինիզմի որևէ համամարդկային այլընտրանք:
Բոլորս ուրախ պայքարում էինք «ազատության» համար և սա իրապես ռոմանտիկ շրջան էր: Մենք ուզում էինք դուրս գալ բանտից, սակայն չգիտեինք, թե ուր ենք գնում: Իմ սերնի 50-ը բոլորած շատ ներկայացուցիչներ այժմ էլ չգիտեն` ո՞ւր էին գնում և կամ ո՞ւր են գնում հիմա: Ձևավորված ազգային փիլիսոփայությունը չօգնեց:
Այսօր Իլիա Ճավճավաձեն դարձել է Վրաստանի գլխավոր խորհրդանիշը, սակայն ո՞ր Իլիան. «Ճանապարհորդի նամակներ»-ը հեղինակա՞ծ Իլիան, «Գյուղացու պատմած»-ը գրո՞ղ Իլիան, թե` «Գենդեգել»-ի Իլիան: Ազգային շարժման գաղափարախոսությունը չկիսեց նույնիսկ Իլիայի ֆենոմենը և ինչպես հաճախ տեղի է ունենում, վերցրեց Իլիայի մակերեսային իմիջը` նրա դիմանկարը, բովանդակությունից զուրկ դիմանկարը, որը ինքնին ոչինչ չէր ասում:
Ինձ համար կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ կարող էր տալ Վրաստանը աշխարհին: Սրա վերաբերյալ քննարկումները նույնպես մակերեսային էին: Պատասխանները տատանվում էին Բորջոմիի ու մանգանի շուրջ, մինչդեռ չգիտես ինչու ոչ ոք չէր խոսում «Հյուրընկալվող-հյուրընկալողի», «Ընձենավորի» բանաստեղծությունները: Հակառակը, Ադոլֆ Հիտլերի գովքն էր գերակշռում, երբ պնդում էին, թե` «նա իր ազգի համար միևնույն է լավ բան էր անում»: Եվ ճիշտ չէ, երբ այդ ազգայնական դիսկուրսի հեղինակ են համարում Զվիադ Գամսախուրդիային:
Այս մանր, էժանագին, կիսահիտլերական ազգայնականության գաղափարախոսության հեղինակը Խորհրդային միության շքանշաններով «կարմիր մտավորականությունն» էր: Հենց նրանց համալսարանական գրասենյակներում էին տպվում նման հիվանդագին գաղափարներ և ապա դրանք կրկնում էր ժողովուրդը: Հենց դրա հետևանքն էր արդեն 90-ականների Վրաստանում տեղի ունեցած ողբերգությունը: Այս գաղափարախոսության հիմքը խորհրդային պրոֆեսորների կողմից էր մշակվել եւ որքան էլ պարադոքսալ է, սակայն մարքսիզմ-լենինիզմում աշխատած «մտավորականությունը» ֆաշիստական տիպի էթնոցենտրիստական հեղափոխություն էր նախապատրաստել:
Վրաստանի Գուրիայի շրջանի Չոխատաուրիի սակրեբուլոյում նոր խմբակցություն է ձևավորվում` «Միացյալ ընդդիմություն հանուն Չոխատաուրիի» անվամբ։ Նոր խմբակցության անդամ կուսակցություններն են երկու խոշոր ընդդիմադիր ուժերը՝ «Միացյալ ազգային...