Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է «Վարդերի հեղափոխության» 19-րդ տարեդարձին և նշել, որ 19 տարի առաջ Միխելիլ Սաակաշվիլին և նրա թիմը բեկեցին Վրաստանի պատմական և քաղաքական ընթացքը։
Ըստ Մելիայի՝ հեղափոխության արդյունքում փլուզվեց այն տարածքը, որտեղ կային հանցագործներ, կոռուպցիա և լիակատար հուսահատություն. գաղափարով տոգորված մարդիկ երկիրը դարձրին հավակնոտ պետության։
«Աշխարհը սկսեց խոսել վրացական բարեփոխումների մասին։ Ահա թե ինչը չէր կարող նրան (նկատի ունի Սաակաշվիլիին- խմբ.) ներել ռուսական իմպերիալիստական հակումներ ունեցող ահաբեկչական պետությունը, դրա համար էլ «ռուսական երազանքի» (նկատի ունի Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը -խմբ.) պայմաններում Միշան Պուտինի անձնական բանտարկյալն է: 2002 թվականին խավար էր, և հիմա իշխանությունը փորձում է մեզ թողնել պատմության մութ կողմում։ Այնուամենայնիվ, հիշենք, որ որքան երկար է գիշերը, այնքան մոտ է լուսաբացը»,- ասել է Մելիան:
Ի դեպ, այսօր ժամը 18:00-ին ակցիաներ են նախատեսվում Թբիլիսիում ու Բաթումիում։
Միջոցառման կազմակերպչի՝ «Միխեիլ Սաակաշվիլիի ազատության հանրային կոմիտե»-ի տեղեկությունների համաձայն՝ նրանք պահանջելու են Սաակաշվիլիի ազատ արձակումը և «ռուսական ռեժիմի վերջը»։