150 հազար բաժանորդ առանց գազի է Թբիլիսիում

«Թբիլիսի էներջի» գազ մատակարարող ընկերության փոխանցմամբ՝ կենտրոնական գազատարի վնասման պատճառով Թբիլիսիի Վակե և Սաբուրթալո շրջաններում շուրջ 150 հազար բաժանորդի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Ընկերությունից հայտնել են, որ 500 մմ կենտրոնական գազատարը վնասվել է չպարզված հանգամանքներում, ամենայն հավանականությամբ` երրորդ անձի կողմից։

«Թբիլիսի էներջի»-ն հայտնել է՝ դեպքի վայրում ամբողջությամբ մոբիլիզացված են կազմակերպության համապատասխան ծառայությունները։ Վնասված գազատարի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։

Գազամատակարարման վերականգնումը սկսվել է փետրվարի 10-ի առավոտյան, և, հաշվի առնելով վթարի մասշտաբները, գործընթացը կավարտվի մինչև փետրվարի 11-ի վերջը: