Վրաստանի տարածքով տարեկան միջինը միջև 15 հազար Թուրքիայի և Հայաստանի բեռնատար է անցնում, իսկ երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 230 մլն դոլար, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը (ԱԳՆ):
Անանուն բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը դիտարկում է Հայաստանի հետ ուղիղ առևտրային գործողություններ սկսելու հնարավորությունը, ինչը «կարող է փոխշահավետ լինել»:
«Սա համեմատաբար փոքր թիվ է մի քանի միլիոն բնակչություն ունեցող երկրի շուկայի համար։ Եթե կողմերը բավական ճկունություն դրսևորեն և կարողանան հարաբերությունները հասցնել դրական կետի, ապա արդյունքը կբավարարի և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի շահերը»,- հայտնել է աղբյուրը։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ փոխըմբռնում է ձեռք բերվել երկու կոնկրետ նախաձեռնությունների շուրջ։ Նրա խոսքով, այդ «կոնկրետ քայլերից» մեկն էլ երկրների միջև օդային բեռնափոխադրումների մեկնարկն է, ինչի շուրջ Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական կառույցներն արդեն համաձայնեցրել են համատեղ քայլերի տեխնիկական մանրամասները։ Այս կառույցների ներկայացուցիչները սեպտեմբերից ոչ ուշ հանդիպում կանցկացնեն, ինչը, ըստ աղբյուրի, «կարագացնի համաձայնագրի իրականացումը»։
Ըստ աղբյուրի, «հայկական կողմից տեղի բնակիչներն արդեն սկսել են իրենց տները վերածել բուտիկ հյուրանոցների, ինչը նշանակում է, որ նրանք լուրջ ակնկալիքներ ունեն Հայաստանում ցամաքային սահմանի բացման հետ կապված»։