
«Վրաստանն ու Հայաստանը բազմադարյա բարեկամական հարաբերություններ ունեն, և մեր ապագա հարաբերությունները պետք է կառուցենք այդ ավանդույթների համաձայն»,— հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր վրաց պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Իր հերթին Կվիրիկաշվիլին Կարեն Կարապետյանին Վրաստանի բարեկամ երկրի` Հայաստանի զարգացման գործում հաջողություն է մաղթել: Կողմերը խոսել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների մասին և բարեկամական հարաբերությունների զարգացման պատրաստակամություն հայտնել:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացքի մեջ է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա այցը Վրաստան, նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և գործարար ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ: