«1+4»-ի դիմորդների քննության արդյունքները

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով վրաստանյան բուհեր ընդունվելու դիմորդների «Ընդհանուր ունակությունների» քննության արդյունքները հրապարակվել են: Այդ տեղեկությունը տարածել է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):

Ըստ NAEC-ի՝ իր ստացած արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։

Արդյունքների էջում դիմորդը կտեսնի իր քննաթերթիկի պատճենը և նախնական միավորը որոշակի առարկայի համար:

NAEC-ից ավելի վաղ «Ալիք Մեդիա Վրաստան»-ին տեղեկացրել էին. «Դիմորդը, որը պատրաստվում է ընդունվել «1+4» ծրագրով, պետք է հավաքի առավելագույն՝ 80 միավորի 30 տոկոսից ավելին, այսինքն՝ 80-ից առնվազն 25 միավոր»։

Ինչ վերաբերում է դրամաշնորհին, ապա ամբողջությամբ անվճար կարող են բուհ ընդունվել հայալեզու դիմորդներից ամենաբարձր բալեր հավաքած 200 դիմորդներ։ Ըստ NAEC-ի՝ այդ տվյալները պարզ կդառնան քննությունների արդյունքներից հետո:

Հիշեցնենք, որ 200 հայ և 200 ադրբեջանցի դիմորդների դրամաշնորհի ձեռքբերման նոր կարգն ուժի մեջ կմտնի 2024-2025 ուսումնական տարվանից: Նախորդ տարիներին ֆինանսավորվում էին 100 հայ և 100 ադրբեջանցի դիմորդներ: