Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում 14-ամյա աղջկա սպանության համար մեղադրյալին հեռակա մեղադրանք է առաջադրվել, և խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Թելավիի շրջանային դատարանը որոշումը կայացրել է այսօր՝ հոկտեմբերի 9-ին։ Չգրանցված ամուսնությամբ մեղադրյալի հետ ապրող անչափահաս աղջկա սպանությունից հետո Լամբալո գյուղի բնակիչ 28-ամյա Ասիմ Ասլանովը դեռ ազատության մեջ է։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Ասլանովը երկու ամիս առաջ «փախցրել էր» 14-ամյա աղջկան: Ասլանովի հայրը՝ Ադալաթ Ասլանովը, հաստատել է փաստը և նշել, որ աղջիկն իրենց ընտանիքում ապրել է մոտ երկու ամիս։
Սպանված աղջկա մոր խոսքով, աղջիկը դեմ է եղել ամուսնությանը և փորձել է փախչել Ասլանովի ընտանիքից, բայց չի կարողացել։ Սպանությունը տեղի է ունեցել փախուստի հերթական փորձի ժամանակ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) սպանության դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմ 109-րդ հոդվածով` ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ ընտանիքի անդամի սպանություն։ Հանցագործին սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։