Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի միջնակարգ դպրոցը կարծես թե նոր շունչ է ստացել: 1+4 ծրագրի շրջանավարտ Վարսենիկ Խաչատրյանն այսօր հարազատ դպրոցում իր նախկին ուսուցիչներին օգնում է բարձրացնել դպրոցի աշակերտների վրացերենի իմացության մակարդակը: 5 տարի սովորելով Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ Վարսենիկը բախվել է մի շարք դժվարությունների: Այժմ հպարտորեն ասում է, որ իր աշակերտները նույն բարդություններին չեն հանդիպի:
«Մի անգամ տուն գալու ճանապարհին, ավտոբուսում պատահաբար մի տարիքով կնոջ ձեռքին խփեցի, «ուկացրավադ» ( վրց.՝ ներողություն) բառի փոխարեն ասացի «մադլոբա» (վրց.՝ շնորհակալություն): Ամեն բառը սովորելու գործընթացը լավ եմ հիշում. երբ գնում էի խանութ, զանգում էի ընկերուհիներիս, բառարանը բացում էին ու թելադրում պետք եղած բառը»,-ժպիտով հիշում է Վարսենիկը։
Երիտասարդ աղջիկը խոստովանում է՝ ավելի շատ է աշխատել, քան մնացածները: Տեքստերի բառերը սկզբում բառ առ բառ է թարգմանել, այդ ամենի հետ մեկտեղ ունեցել է նաեւ տեղեկատվության պակաս:
«Երբ ինձ ասացին, որ Ջավախիշվիլի համալսարան եմ ընդունվել, ես գաղափար չունեի, արդյո՞ք փողոցի, թե համալսարանի անվանումն էր դա: Տեղեկատվական պակասի պատճառներից մեկն էր նաեւ այն, որ հայերի հետ էինք շփվում, կոմպլեքսավորված էինք վրացիների հետ շփումից, իսկ նրանք մտածում էին, թե գոռոզ ենք»:
Վարսենիկը 1+4՝ էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված ծրագրի դիմորդներին խորհուրդ է տալիս նախորոք որոշել մասնագիտությունն ու ձգտել հասնել առավելագույն արդյունքի:
Վարսենիկը Մեծ Արագյալ է վերադարձել պետական հատուկ ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն է տալիս համալսարանավարտներին իրենց շրջաններում վրացերեն դասավանդել: Վարսենիկն այժմ օգնական ուսուցչուհի է.
«Օգնում եմ մեծ սիրով ու հաճույքով՝ թե՛ ուսուցիչներին եւ թե՛ աշակերտներին: Դասը վարում ենք 2 հոգով, ինչն առավել արդյունավետ է»։
Վարսենիկը գյուղի դպրոցում նախաձեռնել է մի շարք նորամուծություններ: Աշակերտները նկարել են տասնյակ թեմատիկ պատի թերթեր, ինչի միջոցով ծանոթացել են վրաց մշակույթին, ավադույթներին եւ վրացական տոներին: Մեր նկարահանող խմբին Վարսենիկը հպարտությամբ ցույց է տալիս առաջին դասարանցիների մասնակցությամբ իր նախաձեռնած բեմադրությունը։
Գյուղ վերադառնալն ուներ նաեւ 2-րդ դրդապատճառը. Վարսենիկի ընտանիքն ապրում է Արագյալում եւ բացի ուսուցչի կարգավիճակից, նա նաեւ մայրիկ է՝ տանը նրան սպասում է 4-ամյա դուստրը: