Հնարավոր է նոր ուսումնական տարվանից էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի վրացերենի ուսուցման ժամկետն ավելանա։ Այս մասին EDU.ARIS.GE-ի հետ զրույցում հայտարարել է ԿԳ փոխնախարար Լիա Գիգաուրին:
Նրա խոսքով, ծրագրի զարգացման մասին խոսք է եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, ուստի նախարարությունը պատրաստվում է աշխատել այդ ուղղությամբ:
«Մենք ընդունում ենք Մարդու իրավունքների պաշտպանի խորհուրդները, հաշվի ենք առնում տարբեր հաստատություններից ստացված, ինչպես նաև շահառուների խորհրդատվությունները, որ 1-ամյա վրացերենի ուսուցումը բավարար չէ, որպեսզի ուսանողը կարողանա տիրապետել վրացերենով մասնագիտական տերմինաբանությանն ու գրականությանը: Այս փուլում մենք քննարկում ենք, թե քանի տարով է պետք ավելացնել ծրագրի վրացերենի ուսուցման տևողությունը»,-նշել է Լիա Գիգաուրին:
Հարցը քննարկվում է Օմբուդսմենի գրասենյակի, Համերաշխության և քաղաքացիական իրավահավասարության նախարարության և շահագրգիռ մյուս կողմերի հետ: Փոխնախարարը վստահ է, որ ծրագիրն այլևս չի տևի մեկ տարի։
«Այս ամենի համար ֆինանսավորում է անհրաժեշտ: Աշխատում ենք հենց այս ուղղությամբ»,-նկատել է Գիգաուրին։
Հիշեցնենք՝ «1+4» վրացերեն լեզվի ծրագիրը գործում է 2010 թվականից: Այն նախատեսված է Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Վրաստանի պետական բուհեր ընդունվել ցանկացողները արտոնություններից օգտվելով ՝ 4 քննության փոխարեն մայրենի լեզվով միայն մեկն են հանձնում: 1 տարի վրացերեն լեզուն ուսումնասիրելուց հետո նրանք հնարավորություն են ստանում ընտրել բուհի իրենց նախընտրած ֆակուլտետը՝ տեղափոխվելով բակալավրի առաջին կուրս: