Թբիլիսիի պետական համալսարանում ընթանում են ամփոփիչ քննություններ: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Մինասյանը վերանայում է անցած 5 (բակալավրիատ 4, նախապատրաստական կուրս 1 տարի ,-խմբ․)ուսումնական տարիների արդյունքները: Նա պահպանել է միջին գնահատականի առավելագույն միավորը: Ըստ GPA-ի սանդղակի՝ նրա միջին գնահատականը 4 է: Անդրանիկի հաջողության պատմությունը սկիզբ է առնում «1+4» ծրագրի նախապատրաստական կուրսից:
«Մեծ աշխատանք եմ տարել ինքս ինձ վրա: Երբ արդեն 2-3 ամիս Թբիլիսիում էի սովորում, սկսեցի վրացերենով գրքեր կարդալ, Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմս»-ից հետո ծանոթացա արտասահմանյան գեղարվեստական գրականությանը: Այն, ինչ հանձնարարում էին համալսարանում, սովորել եմ, բայց միեւնույնն է սխալներ երբեմն անում էի»,- ասում է Թբիլիսիի համալսարանն ավարտող ախալքալաքցի Անդրանիկը:
Նա վստահեցնում է՝ նախապատրաստական կուրսն ավելի արդյունավետ կլիներ, եթե ավելի շատ գիտական միջոցառումներ ու մրցույթներ կազմակերպվեին: Թերություն է որակում նաեւ այն, որ հայերն ու ադրբեջանցիներն առանձին խմբերում են սովորում:
«Ադրբեջանցի ընկերներ ձեռք բերեցի միայն իրավաբանական ֆակուլտետ ընդունվելուց հետո: Հիմա մոտ 10 ադրբեջանցի ընկեր ունեմ, որոնց հետ շատ մտերիմ եմ»:
Անդրանիկի կարծիքով, ծրագիրը արդյունավետ կհամարվի, եթե դրան լուրջ վերաբերվեն ուսանողները՝ նախապես որոշելով, թե ինչ ուղղությամբ շարունակել ուսումը: Չնայած 5 տարիների դժվարություններին, Անդրանիկը ժպիտով է հիշում անցած ճանապարհը:
«Այս շենքն ինձ համար հարազատ տուն է դարձել: 4 տարի այս շենքում եմ մեծանում: Մտադիր եմ նույնիսկ ավարտելուց հետո ուսումս այստեղ շարունակել, նաեւ դասավանդել հարազատ համալսարանում: Վստահ կարող եմ ասել, որ այս տարիների ընթացքում որպես անհատականություն լավագույնս ձեւավորվեցի ու կայացա»։
4 տարվա ընթացքում Անդրանիկը մասնակցել է մի շարք վերապատրասման ու այլ ծրագրերի, ինչպես նաև բեմադրված դատական գործընթացների: 2016թ․-ին ջավախքցի ուսանողը ճանաչվել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանող: Անդրանիկի ձեռքբերումների հանդեպ մարդկանց վերաբերմունքը տարբեր է։
«Անկեղծ ասած ընկերներս երբեմն ասում են՝ տես ուրիշ աչքով են նայում հաջողություններիդ, սակայն ես չեմ կարծում, որ որևէ մեկը, ում ես չեմ վնասում, կարող է նման կերպ մտածել»,— ասում է նա:
Անդրանիկը կիսվում է իր հաջողության գաղտնիքով․«Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, այստեղ ես կարող եմ ազատ մտածել եւ գործել… ինչպես կասեր Արիստոտելը, եթե մարդը սիրում է իր մասնագիտությունը, նա ամբողջ կյանքում չի աշխատի, հակառակ դեպքում՝ նա ստիպված է աշխատել: Գլխավոր մոտիվացիաս գալիս է հորիցս: Հայրս ինձ դաստիարակել է այնպես, որ այսօր ես նպատակասլաց եմ, կյանքում հասնում եմ իմ նպատակներին»։
Ծննդավայր վերադառնալու կամ չվերադառնալու հարցը ցավոտ է նրա համար. «Իմ կապը շրջանիս հետ չի կտրվի երբեք, այնուամենայնիվ կփորձեմ կենտրոնից հետեւել անցուդարձին, աջակցել իմ գիտելիքներով ու հնարավորություններով»։