Հարավային Կովկասում «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի ղեկավար Իգոր Կուրոպտևը նշել է, որ նոյեմբերի 1-ից 13 ՌԴ քաղաքացու, նրանց թվում` իրավապաշտպանների ու լրագրողների, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
Ըստ Կուրոպտևի՝ նրանցից ոմանք մշտապես բնակվում են Վրաստանում և ունեն անշարժ գույք։
«Նոյեմբերի 1-ից 13 իրավապաշտպանների ու լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել, որոնցից 8-ը մշտապես բնակվում են այստեղ, ունեն ընտանիք, ունեն բնակարան։ Հիշում եմ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչն ասում էր, թե ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ չի կարող սահմանվել, քանի որ այնտեղի այլախոհներն ու ակտիվիստներն իրենց պաշտպանում են ռուսական իշխանություններից»,- ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի եթերում ասել է Կուրոպտևը։
Ի դեպ, նոյեմբերի 16-ին Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը լրատվամիջոցներին տված մեկնաբանությունում բացատրել է, թե որ դեպքում է արգելվում օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան։ Ըստ նրա՝ այն անձանց, որոնք կարող են վտանգ ներկայացնել երկրի անվտանգությանը, մերժում են մուտք գործել Վրաստան և սահմանից հետ են ուղարկում։
Նշենք նաև, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո մի շարք ռուս ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների և բլոգերների մերժել են մուտք գործել Վրաստան՝ առանց որևէ բացատրության։