13 ցուցարար է բերման ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների մասին օրենքի» ընդունման դեմ բողոքող 13 ցուցարար է բերման ենթարկվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է տարածել այսօր խորհրդարանի շենքի մոտ բերման ենթարկված հանրահավաքի մասնակիցների մասին: ՆԳՆ-ն պնդում է, որ ոստիկանությունն սկսել է բերման ենթարկել ցուցարներին, երբ ցույցը դուրս է եկել խաղաղ բողոքի սակցիայի ձևերից։

«Խորհրդարանում կայացած քվեարկության ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին միտումնավոր վնասել Ռուսթավելիի պողոտայի կողմից օրենսդիր մարմնի մուտքի մոտ տեղադրված երկաթե պաշտպանիչ ցանկապատը՝ մուտք գորխելով խորհրդարանի տարածք։ Բացի այդ, նրանք խորհրդարանի շենքի վրա տարբեր գրություններ են արել։ Ըստ այդմ, օրենսդիր մարմնի առջև հավաքված հանրահավաքի մասնակիցների բողոքն ամբողջությամբ դուրս է եկել օրենքով սահմանված հավաքների և ցույցերի շրջանակներից ու ստացել բռնի բնույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից:

Բոլոր խաղաղ ցուցարարները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների, մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։ ՆԳՆ հաղորդագրության մեջ բերման ենթարկվածների առողջական վիճակի մասին տեղեկություն չկա: Հայտնի է, որ ձերբակալվածների թվում է 2023 թվականի մարտյան ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը պնդում է, որ ՆԳՆ-ն կրկին խախտում է հավաքների և ցույցերի իրավունքը և շարունակում է վատ վարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ հատուկջոկատայինները ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել՝ փորձելով ցրել ցույցը, սակայն նրանք չեն լքել Ռուսթավելիի պողոտան. կենտրոնական փողոցներում երթևեկությունը դադարեցված է, իսկ ողջ քաղաքում կաթվածահար վիճակում: Խորհրդարանի հարակից տարածքում մեծ թվով ուժայիններ են մոբիլիզացված:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ, դահլիճում՝ վիճաբանության ու ծեծկռտուքի, խորհրդարանի մոտ՝ ցուցարարների բողոքի ֆոնին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»:

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը