Առատ ձյունը շարունակում է խնդիրների պատճառ դառնալ Վրաստանի արևմուտքում: Ձյան շերտը վնասել է էլեկտրահաղորդակցության լարերը, ինչի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի է մնացել Աջարիայի ավելի քան 5 հազար բաժանորդ: Էներգիայի մատակարարումը սահմանափակվել է նաև Սամեգրելո և Իմերեթի շրջանների մի մասում: Energo-Pro Georgia էներգամատակարար ընկերությունը հաղորդում է, որ տեխնիկական բրիգադները աշխատում են արտակարգ ռեժիմով, էներգիան մատակարարվում է կենսական կարևոր օբյեկտներում և շրջկենտրոններում:
Վատ եղանակի պատճառով արդեն երրորդ օրն է փակ է Բաթումիի միջազգային օդանավակայանը: Երկրորդ օրն է կաթվածահար վիճակում է նաև Բաթումիի նավահանգիստը: Բաթումիի փողոցներում ձյան մաքրման ակտիվ աշխատանքներ են տարվում: Աշխատում է հատուկ տեխնիկա: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքը ձյունից մաքրելու աշխատանքներին մոտ հիսուն մարզիկ է միացել: Վատ եղանակի պատճառով դպրոցներում դադարեցվել է դասապրոցեսը: Խուլո շրջանում 15 դպրոց է փակվել, Քոբուլեթիում՝ 19, Կեդայում՝ 15: Փակ են նաև շրջանի նակախրթարանները:
Բաթումիում 32 տարվա մեջ առաջին անգամ սառցակալել է Նուրիգել լիճը: Վերջին հարյուր տարվա ընթացքում նման դեպք գրանցվել է ընդամենը մի քանի անգամ՝ 1911, 1928, 1949 և 1985 թվականներին: Բաթումիում նախօրեին 3 աստիճան ցուրտ է գրանցվել: