12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը 22.22 տոկոս է

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 12:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է գնացել 776 հազար 276 ընտրող, որը կազմում է ընտրողների 22.22 տոկոսը:

2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 19,41 տոկոս, 2016 թվականին` 19,81 տոկոս, 2012 թվականին՝ 25,88 տոկոս։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։