Վրաստանի իմունականխարգելման խորհրդի որոշմամբ՝ 12-ից 15 տարեկան տարիքի երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Խորհուրդն ընդունել է նոր հակահամաճարակային կանոններ, ըստ որի՝ 12-ից 15 տարիքի անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։
«Այսպիսով, ծնողների որոշմամբ և համաձայնությամբ, որն անհրաժեշտ պայման է անչափահասների պատվաստման համար, 12-ից 15 տարեկան երեխաները ևս կարող են դիմել պատվաստման կենտրոններ և պատվաստվել Pfizer պատվաստանյութի ամբողջական չափաբաժնով», — հավելել է նա։
Գաբունիայի խոսքով՝ երեխաների մոտ վարակվածության մակարդակը բարձր չէ, սակայն նրանց պատվաստումը ևս կարևոր է։
Հավելենք՝ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում Pfizer-ի մոտ 900 հազար չափաբաժին կա, և դրանցից ոչ մեկը ժամկետանց չէ։
Նշենք, որ մինչ այժմ Վրաստանում Pfizer պատվաստանյութով կարող էին պատվաստվել միայն 16 տարեկանից բարձր քաղաքացիները։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր