«12-րդ դասարանը չի փակվի. մենք ծրագրում ենք վերջին երկու տարիները վերածել ԲՈՒՀ-երի համար նախապատրաստական ակտիվ շրջանի»: Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:
Ջեջելավան պարզաբանել է 12-րդ դասարանում ուսման կարգը փոփոխելու մասին իր հայտարարությունը` նշելով, որ այն սխալ է հասկացվել:
«Չգիտեմ` որտեղից է մարդկանց մոտ նման կարծիք ձևավորվել: Մեր դպրոցների ենթակառուցվածքը կմնա նույնը: Միակ բանը, որ կքննարվի, դա դպրոցական վերջին երկու տարիների ծրագրի փոփոխությունն է, ինչպես այլ երկրների քոլեջներում ու գիմնազիաներում», -ասել է ԿԳ նախարարը:
Նրա խոսքով, 10-րդ դասարանը ընդհանուր գիտելիքներով աշակերտին լիովին կարողանում է դեպի նոր կյանք ճանապարհել:
«Ինչ վերաբերում է վերջին երկու տարիներին, ապա դա մասնագիտությունը ընտրելու տարիներ են լինելու: Եթե աշակերտը պատրաստվում է լրագրողական ֆակուլտետ ընդունվել, ապա նա դպրոցում կենտրոնանում է լրագրության հիմունքների ու դրա հետ կապված առարկաների վրա»,- ասել է Ջեջելավան:
Նրա խոսքով, նման դպրոցներ այսօր էլ գոյություն ունեն: Կոմարովի, Վեկուայի եւ մի շարք այլ դպրոցներ աշխատում են այդ օրինակով:
«Մեր հիմնական նպատակն է հասնել այն կետին, որ վերջին երկու տարիների ընթացքում աշակերտների մեծ մասը հրաժարվեն կողմնակի ուսուցիչներից»,- ասել է ԿԳ նախարարը:
Ջեջելավայի խոսքով, քանի որ այս նախաձեռնությունն իրականացնելու համար սահմանադրական փոփոխություններ պետք չեն, ուստի այն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվանից:
«Այսօր Վրաստանում մոտ հիսուն դպրոց հիշյալ ծրագրով է առաջնորդվում: Մենք հուսով ենք, որ այս թիվը կկրկնապատկվի եւ հենց այս տարի ուսման որակով կհասնենք առաջատար դպրոցներին»,- հայտարարել է Ալեքսանդրե Ջեջելավան` ավելացնելով որ նախաձեռնությունը վերաբերում է Վրաստանի տարածքում գործող բոլոր դպրոցներին: